Saturday, January 28, 2012

«Կեղծվել են Դինքի սպանությանն առնչվող փաստաթղթերը». Թուրքիայի Վերահսկիչ պալատ

1in.am. 28-1-2012- Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վերահսկիչ պալատը (DDK), որը գտնվում է երկրի նախագահի անմիջական ենթակայության տակ, ավարտել է նախորդ տարի սկսած իր հետաքննությունը, որն առնչվում էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում կատարված Հրանտ Դինքի սպանությունը: Աղբյուրները հայտնում են, որ այդ 50 էջանոց զեկույցում նշված է, որ Դինքի սպանությունից հետո անհետացել են մի շարք կարևոր փաստաթղթեր՝ կապված Դինքի սպանության հետ, իսկ մի շարք այլ փաստաթղթերի բնօրինակներ պարզապես բացակայել են: Բացի այդ, խեղաթյուրվել են բազմաթիվ այլ փաստաթղթերի ու նյութերի ժամկետները: Հիշեցնենք, որ ներկայումս HSYK-ն հետաքննություն է սկսել Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող դատական պաշտոնյաների դեմ: Խոսքը Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի նախագահ Ռյուշթեմ Էրյըլմազի և հանրապետական դատախազ Հիքմեթ Ուսթայի մասին է։ Որպես հետաքննություն սկսելու պատճառ է նշվում Դինքի սպանության վերաբերյալ կայացված դատավճռի շուրջը դատավորների և դատախազի կողմից հնչեցրած իրարամերժ հայտարարությունները։ Մասնավորապես՝ դատավորը հայտարարել է, որ Դինքին չի սպանել կազմակերպված հանցավոր խումբը, մինչդեռ դատախազը հակառակն է պնդել: Ի դեպ, երեկ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն CNN TÜRK-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Անկարան թաքցնում է Դինքի սպանության մեջ իր մեղսակցությունը՝ իր թևի տակ վերցնելով Հրանտ Դինքի սպանության հետ կապված չինովնիկներին:

No comments: