Monday, August 4, 2008

ԵՐԵԿՎԱ ԵՐԹԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«ԼՐԱԳԻՐ», 01.08.08: Համաժողովրդական շարժման օգոստոսի 1-ի հանրահավաքը ավարտվեց Երեւանի կենտրոնում անցկացված տպավորիչ երթով: Երթի մասնակիցները, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Մատենադարանի հրապարակից անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ ավարտեցին երթը Հյուսիսային պողոտայում: Երթի ամբողջ ընթացքում մասնակիցները վանկարկում էին «Լեւոն նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ անկախ Հայաստան» կարգախոսները:
Մասակիցների թիվը բավական տպավորիչ էր: Երբ երթի առաջին շարքերը հասան Հյուսիսային պողոտա, վերջին շարքերը նրանց միացան միայն քառասուն-քառասունհինգ րոպե անց: Հետաքրքրական էր նաեւ, որ երբ երթը անցնում էր Հանրապետության հրապարակով, երգող շատրվաններով հիացող քաղաքացիները, որ այդ պահին զբոսնում էին հրապարակում, շատրվաններից կտրված հետեւում էին երթին, իսկ ոմանք նույնիսկ ձայնակցում վանկարկումներին:
Երթի ընթացքում առջեւից եւ հետեւից ուղեկցում էին ոստիկանության մեքենաները, կար նաեւ շտապ օգնության մեքենա: Երթի գրեթե ամբողջ երկայնքով կարգուկանոնը հսկում էին ոստիկանության շարքերը: Երթի վերջում, երբ վերջին քաղաքացիներն արդեն հասան Հյուսիսային պողոտա, համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը բարձրախոսով շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը գործակցության եւ երթի ու հանրահավաքի ընթացքում հասարակական կարգուկանոնի ապահովմանն աժանդակելու հարցում, իսկ քաղաքացիներն այդ խոսքից հետո ծափահարեցին ոստիկաններին:
Դրանից հետո երթի մասնակիցներին դիմելով, համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ օգոստոսի մեկը կարեւորագույն հանգրվան էր համաժողովրդական պայքարի ընթացքում եւ ազատության համար պայքարի մի նոր հաղթանակ, որ ձեռք բերվեց հասարակության կամքի շնորհիվ: Հյուսիսային պողոտայում հավաքվածները շարունակում էին շարժման կարգախոսների վանկարկումները, իսկ պողոտայում նտացույցի օրերին դրված սեղանի մոտ էլ շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու վերաբերյալ ստորագրահավաքը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը
21:30 - 01.08.08: Ընդդիմության այսօրվա հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով երկրի առաջ ծառացած խնդիրներին, դրանց լուծելու նախագահի անկարողությանը, նրան օտար է համարել եւ նշել, որ նա պետք է հեռանա Հայաստանից:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ընդդիմության պայքարի շարունակականության մասին եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը.
«Հրաժարակա~ն, հրաժարակա~ն», - բեմահարթակից անձամբ գոռացել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նշել, որ հրաժարականի պահանջը կրկնելու են այնքան ժամանակ, մինչեւ այն դառնա իրականություն:
Համաժողովրդական Շարժման առաջնորդը որպես հանրապետության նախագահի հրաժարականը պահանջելու իրենց մոտեցման հիմնավորումներ ներկայացրել է հետեւյալը` ընտրությունների կեղծում, մարտի 1-ի հանցագործության մեղսակցություն, մարտյան դեպքերի բացահայտման տապալում, կառավարության ավազակապետական համակարգի ստեղծում եւ իշխանության մարմինների քրեականացում:

Ազգային Ժողովը պիտի լուծարվի, կարծում է Տեր-Պետրոսյանը
22:54-01.08.08: Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր իր ելույթը սկսել է Ազգային Ժողովի անցած ինը տարիների մասին խոսելով, ինչպես նաեւ մարտի դեպքերից հետո ԱԺ ծավալած գործունեությունը գնահատելով:
Նա նշել է, որ անցած ինը տարիների ընթացքում Ազգային Ժողովը չի մերժել կառավարության առաջարկած որեւէ օրինագիծ, չի հաղթահարել նախագահի որեւէ վետո կամ առարկություն, չի ծավալել որեւէ բանավեճ, որեւէ քննադատական հայտարարություն չի արել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկաներին խորհուրդ է տվել ներկայիս Ազգային Ժողովը համեմատել 98-ի Ազգային Ժողովի հետ` ընդգծելով, որ խորհրդարանը անհամեմատ ավելի լավն էր անգամ 99-ին: Ընդդիմության առաջնորդի դիտարկմամբ` Ազգային Ժողովի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել անգամ մարտի դեպքերից հետո, ավելին` իրավիճակը էլ ավելի է վատթարացել: Խորհրդարանի պահվածքը դարձել է ավելի հախուռն եւ անօրինական:
ՀՇ առաջնորդը նշել է, որ կասկածից վեր է, որ մարտի մեկի դեպքերի բացահայտումը եւ քաղբանտարկյալների ազատումը շարունակելու են մնալ հասարակությանը հուզող խնդիրները, սակայն դրանք չպիտի շեղեն իրենց հիմնական նպատակներից: Իսկ հիմնական նպատակները, նրա խոսքով, երկրում սահմանադրական կարգի վերականգնումն է, ժողովրդավարության հաստատումն է, իրավական պետության կերտումն ու տնտեսության զարգացման համար պայմանների ստեղծումը, այսինքն` ,ավազակապետության վերացումըե:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, ամփոփելով խորհրդարանին տված իր գնահատականը, հայտարարել է, որ այն պետք է լուծարվի, հակառակ դեպքում կդառնա հայկական պառլամենտարիզմի խայտառակ էջը: Նա եզրակացրել է, որ իր իսկ թվարկած իրողություններից ելնելով` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհետաձգելի անհրաժեշտություն են:

Տեր-Պետրոսյան.
«Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարությունը չի տարբերվում Քոչարյանի կառավարությունից»

23:01-01.08.08: «Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավությունը ոչնչով չի տարբերվում Քոչարյանի կառավարությունից` կոչված ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ կազմված է շեշտված քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես է որակել ներկա կառավարությունը:
Այնուհետեւ անդրադառնալով վերջին հարյուր օրերի գործունեությանը, այն է` կոռուպցիայի դեմ պայքար, մաքսային, հարկային վարչարարության բարեփոխումներ` դրանք անվանել է ծիծաղելի բեմականացում, ազնիվ աշխատելու միամսյակներ: ՀՀ առաջին նախագահը նշել է, որ այդ փոփոխությունները չեն կարող հասարակությանը վստահություն ընծայել, թեկուզ այն պատճառով, որ այդ փոփոխությունների արդյունքում վնասը կոտրվում է միջին եւ մանր գործարարների գլխին: Իսկ խոշորները շրջանցում են հարկային եւ մաքսային խոչընդոտները:
Իր ելույթի հաջորդ հատվածում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ իրավապահ մարմինների` ոստիկանության, արդարադատության նախարարության, դատախազության, դատարանների, ԱԱԾ-ի գործունեությանը` նրանց համարելով այս կառավարության ուժային հենարանը: Քննադատելով վերը թվարկվածների գործունեությունը` ընդդիմության առաջնորդը նշել է, որ վերջիններս, թողած իրենց բուն գործառույթները, զբաղված են ընդդիմության ջախջախմամբ եւ մարտի դեպքերի կոծկմամբ:
Իրավական համակարգի գնահատականները ներկայացնելիս` Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգ է առել ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի հանրահայտ նամակ-շրջաբերականի վրա: Այդ կապակցությամբ մի քանի դիտարկումներ ներկայացնելուց հետո` նա նշել է, որ իր ծավալուն գնահատականը հիշյալ փաստաթղթի վերաբերյալ ընդդիմության համակրիները կարող են կարդալ վաղվա թերթերում:

Հանրահավաքի մասնակիցները հանգրվանեցին Հյուսիսային պողոտայում
23:09-01.08.08: Ընդդիմության հանրահավաքի մանսակիցները քիչ առաջ ավարտեցին իրենց երթը եւ հանգրվանեցին Հյուսիսային պողոտայում` միանալով հուլիսի 4-ից նստացույց հայտարարած մարդկանց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ներկաներին հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքով դրվեց իրենց սեպտեմբերյան հաղթանակների ամուր հիմքը:
Նա կոչ արեց ներկաներին ավելի ակտիվ եւ համառ շարունակել պայքարը, որքան էլ շոգ ու դժվար լինի: Բացի այդ, Լեւոն Զուրաբյանը հանրահավաքայիններին հրավիրեց ստորագրության` հիշեցնելով, որ այդ ստորագրահավաքը Ռոբերտ Քոչարյանի? Հաագայի միջազգային դատարանի առջեւ պատասխանատվության կանչելու համար է:

ԸՆԹԵՐՑՎԵՑ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Մատենադարանի մոտ ընթացող հանրահավաքում ԺՈՒԿ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, ով վարում է այսօրվա հանրահավաքը, ընթերցեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագիրը: Հռչակագրում ասվում է, որ նկատի ունենալով, որ Համաժողովրդական շարժումը կատարել է իր դերակատարությունը նախագահի ընտրություններին, ելնելով այն բանից, որ իշխանությունը բռնազավթվել է հանցավոր վարչախմբի կողմից, հաշվի առնելով հետընտրական լարվածությունը եւ հետընտրական իրողություններն ու մարտահրավերները եւ դրանց` Շարժման պատրաստ լինելը, հռչակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը: Մեզ միավորում է երկրում սահմանադրական կարգի հաստատումը, իրավական, բարգավաճ, լիարժեք ժողովրդավարական պետության կառուցումը, ասվում է հռչակագրում:
Հռչակագիրը հենց Մատենադարանի հարթակում ստորագրել են 16 կուսակցություն. Ազատություն, Այլընտրանք, ԺՈՒԿ, Ժողովրդավարական Հայրենիք, ՀԺԿ, Լիբերալ կուսակցության նախաձեռնող խումբ, Կանաչների սոցիալ-էկոլոգիական կուսակցություն, Մարքսիստական (այս կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հայտարարեց` կամ իմ ժողովրդի հետ կմոխրանամ, կամ իմ ժողովրդի հետ կհառնեմ. երրորդ տարբերակ չկա), Հայոց Հայրենիք, ՀՀՇ, Հայրենիք ու պատիվ, Հանրապետություն, Մարդու իրավունքներ- 96, Պահպանողական, ՍԴՀԿ, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ: Վերջում Հռչակագիրը ստորագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Այնուհետեւ ելույթ ունենալով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է Կոնգրեսի մարտավարական նպատակները` քաղբանտարկյալների ազատ արձակում, խոսքի եւ հանրահավաքների ազատության ապահովում, մարտի 1-ի հետաքննությանը միջազգային փորձագետների մասնակցություն եւ լիարժեք բացահայտում: Տեր-Պետրոսյանը նշել է, թե առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում պատրաստ են երկխոսել իշխանության հետ ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Բաց թողեք քաղբանտարկյալներին, եւ մենք պատրաստ ենք երկխոսել ամեն ինչի մասին, կուզեք փակ դռների հետեւում, իսկ ավելի ճիշտ կլինի հրապարակային, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Մատենադարանի մոտ մեկնարկած Համաժողովրդական շարժման կենտրոնի հանրահավաքում ելույթ է ունեցել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, ով կալանավորված էր մարտի 1-ի գործով եւ ում հանդեպ խափանման միջոցը օրերս էր փոխվել: Նա հայտարարել է, թե ժողովրդի շնորհիվ է, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, եւ ժողովրդի շնորհիվ Հայաստանում հաստատվելու է քաղաքացիական հասարակություն: Արշակ Բանուչյանը պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այդ ժամանակ բարձրախոսին է մոտեցել մի մարդ եւ փորձել խանգարել Բանուչյանի ելույթը: Հանրահավաքի կազմակերպիչները միջամտել են եւ մի կողմ տարել նրան: Վերջինս ասել է, թե ինքն էլ իրավունքներ ունի եւ ուզում է ելույթ ունենալ եւ ասել, որ ոչ թե պետք է պահանջել, այլ խնդրել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նա ասել է, թե ինքը ոստիկանության աշխատակից է, ազգանունը Շարվերդյան, եւ Խառատյանի ընկերն է:

No comments: