Չգիտես ինչու, թեեւ Հայաստանում կոալիցիոն կառավարությունն այլեւս նոր երեւույթ չէ, շատերը շարունակում են զարմանալ, որ կոալիցիայի անդամ կուսակցություններն իրար քննադատում են, միմյանց տեղ են ցույց տալիս, այսինքն ուղարկում են այստեղ, այնտեղ, ընդդիմություն կամ գրողի ծոցը: Դրանից զարմանում են անգամ կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ, մինչդեռ թվում է, որ հենց նրանք պիտի ամենից քիչը զարմանային, կամ ընդհանրապես չզարմանային, քանի որ իրենք ներսից պիտի որ լավ իմանային այդ ամենի պատճառը, դրդապատճառը: Եթե կոալիցիոներներն իրար քննադատում էին դեռեւս առաջին կոալիցիայի ժամանակ, երբ երկրում մենիշխանություն էր, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ապա այժմ, երբ Հայաստանը գտնվում է բազմիշխանության, փաստացի անիշխանության շրջանում, ապա որեւէ զարմանալի բան չկա, որ կոալիցիոներներն ամեն մի առիթ օգտագործում են իրար կսմթելու համար: Ավելին, նրանք երեւի թե դա անում են ավելի քիչ եւ մեղմ, քան ենթադրում էր իրավիճակը,. ներքաղաքական իրողությունը:Ի վերջո, եթե դրսից, այսինքն հանրության տեսադաշտից ակնհայտ է, որ երկրում ոչ մի կերպ առաջ չի շարժվում իշխանության ձեւավորման խնդիրը, որ իշխանության գործողությունը, սկսած դեռեւս 2007 թվականի սեպտեմբերի 21-ից, ոչ մի կերպ չի համարժեքանում հայաստանյան իրողություններին, ապա ներսից առավել քան հստակ պետք է լինի այդ ամենը: Ասենք, ներսից ավելի լավ պիտի իմանան, թե իրականում արդյոք Տիգրան Թորոսյանի դիրքն այդքան ամուր է, որքան ցույց է տալիս ինքը Թորոսյանը: Ներսից ավելի լավ պիտի իմանան, թե արդյոք կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարացման, օրենքի առաջ անխտիր հավասարության հարցում հետեւողականության մասին Սերժ Սարգսյանի խոսքը ինչքանով է անկեղծ: Ներսից ավելի լավ պիտի իմանան, թե Սերժ Սարգսյանը խորհրդակցում է արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ, թե պարզապես ստանում նրա հանձնարարականները: Ներսից ավելի լավ պիտի իմանան, թե իրականում ինչ ճնշում կա ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից: Ներսից շատ ու շատ բաներ պիտի ավելի լավ իմանան: Երբ նավը ճոճվում է, այն բավական տեսանելի է դրսից, սակայն այդ ճոճքը, ինչքան շատ է նկատելի դրսից, այդքան այն առավել զգալի է նավի մեջ եղածների համար:
Հետեւաբար պարզ է, որ կոալիցիայի անդամները պետք է հնարավորինս ձերբազատվեն իրարից, ազատվեն իրար կապող հնարավորինս շատ թելերից, որովհետեւ եթե նավը սկսի խորտակվել, ապա իրար ամուր կապված լինելու դեպքում մեկը մյուսին քաշելու է ջրի տակ: Թվում է, թե սա գիտակցում են կոալիցիայի բոլոր անդամները` թե կուսակցությունները, թե նրանց առանձին ներկայացուցիչները: Ելնելով դրանից, պետք է որ նրանք ուրախ լինեին, որ քառյակը ոչ մի կերպ չի դառնում մի մարմին: Չէ որ խորտակվելու դեպքում նաեւ իրենք են ունենալու փրկվելու խնդիր: Սակայն, իրականում, կոալիցիայի անմիաբանությունից, կսմիթներից մտահոգվում են այն քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները, ովքեր շատ լավ են գիտակցում, որ խորտակվելու դեպքում իրենք չունեն փրկվելու շանս: Նրանց չի մնացել այլեւս լողալու տեղ, իրենք իրենց չեն թողել այդ լողալու տեղը, թեեւ եղավ ժամանակ, երբ կյանքը, իրավիճակը, զարգացման հեռանկարները տվել էին այդ հնարավորությունը: Սակայն լողալ սովորելու եւ լող տալու փոխարեն, այդ ուժերը նախընտրեցին բարձրանալ նավի վրա եւ ամեն ինչին նայել բարձր տախտակամածից, ակնկալելով, որ մի երկու լողորդ կվերցնեն տախտակամած, եւ արտակարգ իրադրության դեպքում լողորդներն իրենց կփրկեն: Եվ հիմա, երբ այդ լողորդներից մեկը ինքնուրույն քայլեր է անում, ձեռքերը, թեկուզ օդում, բայց ,գասպարավարիե թափ է տալիս մեկ մեկ, շատերը վախենում են, որ լողորդը կնետվի ջուրն ու կգնա, իսկ իրենք կմնան խորտակումից անպաշտպան եւ անհույս: Սակայն նրանց երեւի թե կարելի է հանգստացնել: Այդ լողորդները հիմա իրենք իրենց չեն կարող արդեն փրկել, որովհետեւ արդեն հաջողվել է նրանց վարժեցնել տախտակամածին: Հիմա նրանց մի դատարկ ավազան է պետք, որ նախ լողալ սովորեն, հետո նոր համարձակվեն նետվել ջուրը: Իսկ Հայաստանի ներկայիս իրադրության ամբողջ առանձնահատկությունն այն է, որ բոլոր ավազանները արդեն լցված են, դատարկ չկա: Հետեւաբար կոալիցիայում բոլորը կարող են լինել հանգիստ: Ինչքան էլ ջանան, միեւնույն է, նրանք արդեն այնպես են իրար կապվել, որ առանձին ոչ խեղդվել են կարող, ոչ թրջվել:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment