Wednesday, August 6, 2008

Աբդուլա Գյուլ. «Երկրները պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ եւ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների հետ: «Տարածաշրջանի պետությունները պետք է աջակցեն այն ծրագրերին, որոնք խթանում են բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստում են խաղաղության հաստատմանը», - «Զաման» օրաթերթի վկայությամբ` Կարսի նահանգ կատարած այցի ընթացքում երեկ ասել է Գյուլը եւ հավելել. - «Երկրները, որոնք ցանկանում են մասնակցել ծրագրերին, պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»: «Զաման»-ը նշում է, որ Թուրքիան դատապարտել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղը «գրավելու» համար եւ ի նշան բողոքի 1993 թվականին փակել է սահմանը Հայաստանի հետ: Թերթի մեկնաբան Սուլեյման Քուրտի համոզմամբ, տարածքային ամբողջականության մասին Գյուլի երեկվա հայտարարությունը վկայում է, որ չնայած վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացմանը` Թուրքիան մտադիր չէ վերանայել Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը, քանի դեռ պաշտոնական Երեւանը չի նահանջում Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում: Պաշտոնական Անկարան հավաստիացնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կճանաչի՞ հայ - թուրքական ներկայիս սահմանները եւ կհրաժարվի՞ Օսմանյան կայսրության դարաշրջանում հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղած իր քաղաքականությունից: «Զաման»-ը նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու կոչ է արել եւ Աբդուլա Գյուլին հրավիրել է Երեւան՝ սեպտեմբերի 6-ին միասին դիտելու ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպումը: Բացի այդ, թերթի փոխանցմամբ, արտգործնախարար Ալի Բաբաջանն անցած շաբաթ հայտնել է, որ այս ամիս ավելի վաղ հայ եւ թուրք դիվանագետները բանակցել են Շվեյցարիայում: Բաբաջանը միաժամանակ ընդգծել է, թե այդ հանդիպումը չի կարելի ընկալել որպես պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության փոփոխություն: «Զաման»-ի վկայությամբ` «իբրեւ Հայաստանի հետ հաշտության նշան, Աբդուլա Գյուլը երեկ այցելել է Կարսի գավառում, Հայաստանի հետ սահմանին գտնվող` այժմ չբնակեցված հայկական միջնադարյան Անի քաղաքը»: Այսօր Գյուլը Կարսում մասնակցում է Հայաստանի տարածքը շրջանցող Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա երկաթուղու հիմնարկեքին, որին ներկա են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը: Երկաթուղու վրացական հատվածի կառուցումը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին եւ, ենթադրաբար, շահագործման կհանձնվի 2011 թվականին: Ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքը 450 միլիոն դոլար է: Մասնագետները վստահեցնում են, որ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը շահագործման միայն առաջին տարվա ընթացքում կապահովի 6,5 միլիոն տոննա բեռի եւ 1,5 միլիոն ուղեւորի փոխադրում: Արմեն Քոլոյան, Պրահա Թուրքական «Հուրհաբեր» ինտերնետային կայքի փոխանցմամբ Գյուլը «բառացիորեն» ասել է. «Հրավերի համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահին: Այն դեռեւս գնահատվում է: Թուրքիայի քաղաքականությունը շատ թափանցիկ է: Ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ: Որոշ խնդիրներ կան: Սակայն, այդ խնդիրները պետք է վերացվեն: Մենք ցանկանում ենք Թուրքիային ներառած տարածաշրջանը տեսնել կայուն, անվտանգ եւ խաղաղ: Մեկը` մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում, տարածաշրջանի բոլոր երկրներին հրավիրում ենք մասնակցել նման նախագածերին»:

No comments: