Sunday, September 14, 2008

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ՔԱՂԱՔԱՑԻ

Ըստ «Արմենպրեսի», վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան են այցելել Թուրքիայի ավելի քան 300 քաղաքացիներ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է, որ թանգարան այցելողների թվում եղել են ուսանողներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզասերներ, ովքեր այցելել էին Հայաստան` ֆուտբոլի ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ի խաղը դիտելու: Հ. Դեմոյանի խոսքերով, թանգարան այցելում էին հետաքրքրությունից դրդված, արտահայտում տարբեր վերաբերմունք` սկսած ցավի զգացումից, զղջումից, մինչեւ փաստերը լուրջ չընդունելը: Մի մասը նույնիսկ խուսափել է ցուցադրությունը մինչեւ վերջ դիտելուց` հոգեբանորեն պատրաստ չլինելով դրան, մյուս մասը` թուրքական լրատվամիջոցների առջեւ ներկայանալուց: Մեծ հետաքրքրություն է առաջացրել այս օրերին թանգարանում ներկայացված «Հայկական սպորտն Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը. թուրքերը զարմանք ու շփոթմունք են արտահայտել, որ իրենք տեղյակ չեն եղել Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման գործում հայերի ունեցած ներդրման առնչությամբ: Նրանք խոստովանել են, որ այդպիսի փաստերի մասին տեղյակ չեն եղել: Շուրջ 30 լրատվամիջոցների ներկայացուցիչներ հաղորդումներ են պատրաստել Ցեղասպանության թանգարանի մասին, հարցազրույցներ վարել թանգարանի-ինստիտուտի տնօրենի հետ: Ցեղասպանության թանգարան այցելողների թվում առանձնանում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի այցելությունը, որը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

No comments: