Thursday, September 4, 2008

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԹԻՎ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ Է ՀՂԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշին: Ուղերձում ասված է.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի ողջ ժողովրդին նշանակալի իրադարձության` Աբխազիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման, առթիվ: Արցախի ժողովուրդը անկեղծ ուրախությամբ է ընդունել Ձեր ժողովրդի համար անչափ երկար սպասված այս լուրը: Աբխազիան հասավ նրան, ինչին ձգտել է երկար տարիներ` արժանիորեն հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Վստահ եմ, անկախության միջազգային ճանաչումը նոր թափ կհաղորդի Աբխազիայի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը: Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին, մաղթում խաղաղություն, բարգավաճում եւ բարօրություն»:Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Բ.Սահակյանը պետական անկախության ճանաչման առթիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին: Ուղերձում ասված է.«Հարավային Օսիայի ժողովրդի համար փշոտ էր անկախության ճանապարհը, լի բազում դժվարություններով եւ կորուստներով: Սակայն հանրապետությունն իր մեջ ուժ գտավ եւ պատվով հաղթահարեց դրանք: Արցախն անկեղծորեն ուրախ է ՀՕՀ անկախության ճանաչման համար: Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Հարավային Օսիայի ողջ ժողովրդին: Թող խաղաղությունը մշտապես հաստատվի Ձեր երկրում: Բարգավաճում եւ բարեկեցություն բոլորիդ:

No comments: