Wednesday, June 15, 2011

Սերժի ու Լեւոնի շքեղ հնարավորությունը

«Լրագիր» 14-6-2011- Մարտին տեղի ունեցած տնտեսական խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է մայիս-հունիս ամիսներին արդեն շոշափելի լինեն տնտեսական լարվածության, սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղմացմանն ու գների նվազմանն ուղղված աշխատանքի արդյունքները:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 14-ին լրագրողների հարցերին պատասխանելիս նկատել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին կլինի լուրջ գնանկում, կփորձեն անել ամեն ինչ, որ տարին փակեն առավելագույնը 5,5 տոկոս գնաճով, իսկ մինչ այժմ արձանագրված 9 տոկոս գնաճը համարել է սպասվածի սահմանում:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի նախանշած մայիս-հունիս ժամկետը խախտվել է, չի կատարվել, եւ այժմ նոր ժամկետ է հռչակվում, այս անգամ ԿԲ նախագահի մակարդակով` հուլիս-օգոստոս:
Իսկ ով է պատասխան տալու մայիս-հունիսի տապալման համար: ԿԲ-ն, կառավարությո՞ւնը, վարչապե՞տը, թե՞ կարկուտը: Գուցե բոլորը միասին: Իսկ գուցե Սերժ Սարգսյանը: Չէ որ երբ օրինակ պատերազմ է, նախագահը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար եւ պատասխան տալիս պատերազմական արդյունքի համար:
Հայաստանում այժմ պատերազմ է, որին սակայն իշխանությունը չի մասնակցում: Ժողովուրդը պատերազմում է գների աճի, աշխատատեղերի կորստի, եկամուտների նվազման դեմ, տնտեսական համակարգի մյուս արատների դեմ: Իշխանությունն ու օլիգարխները այդ պատերազմում ընդամենը միջնորդի հայտ են ներկայացնում, բայց անգամ այդ պարտականությունը չեն կարողանում կատարել ու հայտարարում են` մայիս-հունիսին լավ կլինի, չէ` հուլիս-օգոստոսին լավ կլինի:

Միգուցե վաղն էլ կասեն, որ գների լուրջ անկում կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին, հետո կասեն, որ նոյեմբեր-դեկտեմբերին հանրապետությունում գին ընդհանրապես չի լինելու: Հետո կհայտարարվի, որ հունվար-փետրվարին սկսում ենք զրոյից: Ու այդպես, մինչեւ ընտրություն, մինչեւ խորհրդարանի, հետո նախագահի ընտրություն, եւ ընդհանրապես` մինչեւ ինչքան որ կձգեն:

Իսկ ժողովուրդը պատերազմի մեջ է, ու այդ պատերազմում անընդհատ կորուստներ է տալիս թե երկրից հեռացողների, թե բարոյալքվողների ու հուսահատվողների տեսքով: Իսկ ընդդիմությունը սպասում է Սերժ Սարգսյանի արձագանքին: Իսկ մյուս ընդդիմություններն էլ սպասում են, որ Սերժ Սարգսյանը չարձագանքի, ու իրենք խնդան սպասող ընդդիմության վրա:

Ի՞նչն է լինելու այդ ամենի վերջը: Ինչ որ մեկը հաստատ կապիտուլյացվելու է, բայց ներկայում իրավիճակը կարծես այնպիսին է, որ ինչ որ մեկի կապիտուլյացիան երեւի քիչ է, ու անհրաժեշտ է մի քանիսի կապիտուլյացիան, այսպես ասած կոլեկտիվ կապիտուլյացիա, որպեսզի իրավիճակը շտկվի, փոխվի, որպեսզի պատերազմը դադարի մինչեւ այդ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիան:

Բայց ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանն այդ պատերազմում չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար: Այլապես մայիս-հունիսը կմնար ուժի մեջ, իսկ չմնալու դեպքում էլ գերագույն գլխավոր հրամանատարը կխոստովաներ իր անարդյունավետությունն ու կհեռանար: Ավելին, չի կարող լինել գերագույն գլխավոր, որովհետեւ չի կարող հեռանալ: Մինչդեռ Սերժ Սարգսյանը կարծես թե արդեն միայն այդ ծառայությունը կարող է մատուցել հասարակությանն ու ժողովրդին, բայց, անկեղծորեն, հիրավի մեծ ծառայությունը` վերցնել կոլեկտիվ կապիտուլյացիայի ենթականերին` բոլոր դաշտերից, ու հեռանալ:

Օրինակ, 1998 թվականին հեռացավ Տեր-Պետրոսյանը, բայց նա դժբախտաբար իր հետ չտարավ ժողովրդի դեմ պատերազմում կոլեկտիվ կապիտուլյացիայի ենթակա բոլոր ուժերին: Նա գնաց մենակ, իսկ մյուսներին թողեց: Թողեց, ու պատերազմը շարունակվեց: Հիմա Սերժ Սարգսյանը կարող է անել ավելին, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց 1998-ին: Ընդ որում, հիմա գուցե նա կարող է եւ այդ գործում ակնկալել հենց Տեր-Պետրոսյանի օգնությունը. միասին վերցնեն բոլորին, ստորագրեն հասարակության դեմ պայքարում կապիտուլյացիոն ակտը, ու հեռանան, հեռանան պետությանն ու սերունդներին իսկապես մեծ ծառայություն մատուցած:

Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանն ունեն դարաշրջանը փակելու հիանալի հնարավորություն, նույնիսկ առաքելության աստիճանի շքեղ հնարավորություն: Գուցե համարվի, որ 20 տարին քիչ է դարաշրջան համարվելու համար: Բայց պետք չէ չափել միայն անկախության տարիները: Պետք է հաշվել խորհրդային շրջանն ընդհանրապես: Հայաստանի անկախության 20 տարին եղել է խորհրդային շրջանի շարունակությունը` իր արատներով, իր հերոսներով եւ հակահերոսներով, իր միֆերով եւ կարծրատիպերով:

Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին յուրահատուկ հնարավորություն է ընձեռվել փակել այդ շրջանն ու բացել ազատ Հայաստանի դուռը: Բայց պայմանը հենց դա է, որ իրենք չպետք է անցնեն այդ դռնով: Ու նաեւ իրենք չէ, որ պետք է որոշեն, թե ով անցնի: Նրանց խնդիրն է չթողնել ընդամենը նրանց, ով չպետք է անցնի: Իսկ թե ով չպետք է անցնի այդ դռնով` Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը թերեւս ամենից լավ գիտեն, ամենից լավ են ճանաչում` մեկ առ մեկ, անուն առ անուն:

Պետք չէ խաչելություն, տառապանք: Ընդամենը պետք է ստորագրել բոլոր ժամանակների իշխանության մտածողության կապիտուլյացիայի ակտը, բայց ոչ թե ասենք Մինսկի խմբի կամ Ադրբեջանի, այլ սեփական ժողովրդի առաջ: Այդ դեպքում նրանց անունն անկասկած կարող է եթե ոչ ոսկե, ապա քիչ թե շատ թանկարժեք ցուցանակի վրա փորագրվել եւ տեղադրվել նոր Հայաստանի մուտքի դռանը` որպես սեփական ժողովրդի հետ կնքած ամենաարժանապատիվ խաղաղության հեղինակներ: Հակառակ պարագայում, նրանց անուններն առավելագույնը, վաղ թե ուշ հայտնվելու է ընդամենը «ռազմագերիների» կամ «անհետ կորածերի» պատմության ցուցակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: