Thursday, September 4, 2008

ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ 534 ԹԵՐԹԱՆՈՑ «ՃԱՌԸՆՏԻՐԸ»

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱԶԳ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Խոջա Մահտեսի Զաքարի պատվերով 17-րդ դարում Նոր Ջուղայում գրված «Ճառընտիրը» (գրիչ տեր Վարդան) 60 տարի սրբորեն պահպանվել էր ամերիկաբնակ նորջուղայեցի Եղիա Հովհաննիսյանի տանը, դարձել ընտանիքի ամենաթանկ մասունքը, որից բաժանվելը որքան դժվար, նույնքան էլ գոտեպնդող էր, որովհետեւ ձեռագիրը հանձնվում էր իսկական տիրոջը` Մաշտոցի անվան Մատենադարանին:Ձեռագրի կենսագրությունը յուրահատուկ է ամենից առաջ պատվիրատուի` Խոջա Մահտեսի Զաքարի մարդկային նկարագրի բացառիկությամբ: Հիացմունքի արժանի նրա գործունեության մասին գրել է Լեւոն Խաչիկյանն իր «Հայերը հին Մոսկվայում եւ Մոսկվա տանող ճանապարհների վրա» աշխատության մեջ. «Երբ 1660-ին Զաքար Շահրիմանյանը Սպահանից ժամանեց Մոսկվա ու Ալեքսեյ Միխայլովիչ ցարին մատուցեց նշանավոր ադամանդյա գահը, բանակցություններ տեղի ունեցան պետական բարձրաստիճան պաշտոնեության ու մեծահարուստ այդ վաճառականի միջեւ` ջուղահայ առեւտրականների գործունեության ընդարձակման հարցի շուրջը: Ընդառաջելով թագավորի ցանկությանը, Զաքարը իր հոր` Սահրադ Շահրիմանյանի եւ անձամբ իր անունից պարտավորվեց հայազգի արվեստագետ-վարպետներ ուղարկել Մոսկվա` թագավորի հրամանի ներքո աշխատելու:Չի անցնում մի քանի տարի եւ Նոր Ջուղայից Մոսկվա է ժամանում Թանղրիվերան անունով հայ վարպետը, որը ռուսական միջավայրում ճանաչվում է Իվան կամ Բոգդան Սալթանով անուն-ազգանունով եւ հսկայական դեր կատարում Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքի տարբեր մարզերում, մեծապես նպաստում ռուսական արվեստի զարգացմանը: 1667-ի հունիսի 15-ի թագավորական հրովարտակով նա նկարչի պաշտոնով եւ բարձր աշխատավարձով ընդունվում է աշխատանքի Զինապալատում: Սալթանովի հետ աշխատանքի են անցնում նաեւ հայազգի մի քանի արվեստագետներ` Մատյուշկա եւ Իվաշկա Բոգդանով եղբայրները եւ Մարչկա Օստաֆեւը: Նրանց անուն-ազգանունները ռուսականացված են անճանաչելի աստիճանի, եւ եթե հատուկ ուսումնասիրություն կատարված չլիներ, մենք այսօր որեւէ կռվան չէինք ունենա նրանց հայ լինելը հաստատելու համար: Սալթանովի այս հայազգի աշակերտներն օգնել են իրենց անվանի ուսուցչին, հետագայում կատարել ինքնուրույն աշխատանքներ: Նրանցից շատ ավելի մեծ ճանաչում է ստացել մեծ վարպետի նշանավոր աշակերտ Լազար Իվանովիչ Բելսկի նկարիչը` նահապետը Բելսկի ազգանունը կրող հայազգի նկարիչների գերդաստանի, որի անդամները մեծ դեր կատարեցին 17-րդ դ. ռուսական գեղանկարչության ձեւավորման գործում»: Այս կարճառոտ հատվածը փայլուն վկայում է, որ Շահրիմանյանների առեւտրական բեղուն գործունեությունը զուգակցվել է մշակութայինի հետ, թողնելով խոր ու բազմաշերտ հետքեր` ուսումնասիրելի առ այսօր: Խոջա Զաքարը, ըստ ամենայնի, առանձնահատուկ սեր է տածել նաեւ գրավոր մշակույթի հանդեպ` գիտակցելով դրա նշանակությունը հետագա սերունդների համար: Նրա պատվիրած 534 թերթանոց «Ճառընտիրը» չորս հարյուրամյա դեգերումներից հետո այս ամսվա սկզբին եկավ հանգրվանելու հայրենիքում, Մ. Նահանգներից Հայաստան բերելով իր վերջին պահապանի` Եղիա Հովհաննիսյանի կնոջն ու որդուն: Ձեռագիրը Հիլդա Հովհաննիսյանից ստանալուց առաջ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ընթերցեց Խոջա Զաքարի մասին վերոնշյալ հատվածը, որից հետո իր խոսքն ուղղեց Հովհաննիսյանների ընտանիքին. «Դուք կարողացել եք ոչ միայն փրկել ու պահպանել, այլեւ Մատենադարանին հանձնել այս եզակի մատյանը` քաջ գիտակցելով, որ միայն այստեղ` մարդկային հիշողության այս եզակի շտեմարանում, Սրբություն սրբոցում ամեն ձեռագիր մատյան գտնում իր տեղը, դառնում մեր հոգեւոր հայրենիքի անքակտելի մասը, օղակվում նրա լինելության շղթային` նախանշելով մեր հոգեւոր ընթացքն ու սերունդների երթը: Այստեղ ամեն մատյան ունի իր ճակատագիրն ու կենսագրությունը, որ հոգեհարազատ ու համահունչ է ժողովրդի ճակատագրին: Այդ պատճառով ամեն մի մատյանի վերադարձը Մատենադարան նման է տունդարձի, հոգեւոր ներգաղթի, քանի որ նրանք շնչավորված, անձնավորված են եւ հսկում են սերունդների երթը: Անկորնչելի եւ անմահ է այն ժողովուրդը, որ նման հոգեզավակներ ունի: Եվ ժամանակն է ժողովելու, մեկտեղելու մեր բոլոր գանձերն ու մատյանները մեր հոգեւոր շտեմարանում, որպեսզի նոր, անմեկնելի շավիղներ բացվեն մեզ համար»: Եղիա Հովհաննիսյանը ծնվել է Նոր Ջուղայում (1931-ին), նախնական կրթությունը ստացել է տեղի ազգային դպրոցում, միջնակարգը շարունակել Սպահանի «Ադաբ» դպրոցում: Անդամակցել է Նոր Ջուղայի եկեղեցական վարչությանը, մասնակցել է հայոց ներկայացուցչական ժողովներին: 1966-ին եղել է ներկայացուցչական խորհրդի դիվանի եւ կալվածատնտեսական մարմնի անդամ: Մի քանի շրջան եղել է իրանա-հնդկական հայոց թեմի պատգամավորական ժողովների անդամ: Փոքր տարիքից հետաքրքրվել է գիր ու գրականությամբ, տարիների ընթացքում ստեղծել է գրքերի մեծ հավաքածու, որում կան նաեւ ձեռագրեր ու հնատիպ գրքեր: Ապրելով հայրենիքից դուրս, նա իր երազանքն է համարել այդ արժեքավոր գրքերը մայր հայրենիք հասցնելը: Մի շարք ձեռագրեր` «Աղթարք» (1789 թ.) եւ «Բժշկարան» (18-րդ դ.) արդեն տեղ են գտել Մատենադարանում: Դրանք Մատենադարանին նվիրաբերվել են նորջուղայեցի Ավո Հովհաննիսյանի աջակցությամբ: Ի դեպ, նրա միջամտությամբ 1971-ից ի վեր Մատենադարան է բերվել 62 ձեռագիր, որոնցից 21-ը նա անձամբ է հանձնել:«Ճառընտիրի» նվիրաբերման արարողությանը Եղիա Հովհաննիսյանը ներկա չէր, նրա փոխարեն խոսեց ընկերը. «Այդ ձեռագիրը Եղիան ձեռք է բերել 1959-ին Նոր Ջուղայում, արտասահման մեկնող մի ընտանիքից: Ձեռագիրը քայքայված վիճակում է, թերթերը պոկված են: Հասկանալով դրա արժեքը, Եղիան նրբորեն պահպանել եւ երկար ժամանակ մտածել է ձեռագրի ճակատագրի մասին, լավ իմանալով, որ դրա ճշմարիտ տեղը Մատենադարանն է: Նրա ազնիվ նպատակը վերջապես իրագործվեց», ասաց Ավո Հովհաննիսյանը:Հրաչյա Թամրազյանը գոհությամբ լի ժպիտով հայտնեց, որ «Ճառընտիրը» վերջին մեկ տարում Մատենադարան մուտք գործած 20-րդ ձեռագիրն է:

No comments: