Sunday, September 14, 2008

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատության հեղինակը հայկական հողերը թուրքերին եւ ազերիներին թողնելու եւ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրում է նաեւ Անգլիային, Խորհրդային Ռուսաստանին, Լենինին ու Տրոցկուն
ԱԶԳ- Վիեննայում հրատարակվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գերմաներեն աշխատություն («Armenien 1915. Osterreichisch-Ungarische Botschaftsberichte beweisen das Genozid»-«Հայաստան 1915. Ավստրոհունգարիայի հյուպատոսության տեղեկատվական վավերագրերը փաստում են Ցեղասպանությունը»), որի հեղինակն ավստրիաբնակ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, կինովավերագրող Արտեմ Օհանջանյանն է: Դա հեղինակի` նույն թեմայով մի աշխատության փոփոխված վերահրատարակությունն է, որը Վիեննայում լույս է տեսել 1989 թվականին: Եթե նախորդում նա անհերքելի փաստերով ապացուցում է Ավստրոհունգարիայի եւ Գերմանիայի մեղսակցությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունն իրագործելու մեջ, ապա ներկա հրատարակությունում պատմական փաստերով ներկայացնում է նաեւ Անգլիայի թողտվությունը: «Հենց 1915 թվականին Անգլիայի թույլ տված քաղաքական սխալների հետեւանք եղավ Թուրքիայի անկաշկանդ սանձարձակումն արեւմտահայերի նկատմամբ, քանի որ այդ թվականին եթե Անգլիան գրավեր Դարդանելը եւ Կոստանդնուպոլիսը, չէր թողնի, որ Թուրքիան իրագործեր իր հրեշավոր ծրագիրը», ասում է այս օրերին Երեւանում գտնվող Ա. Օհանջանյանը: Ըստ Օհանջանյանի ներկա հրատարակության, «անգլիական կառավարությունը կանխամտածված թույլ չի տվել Դարդանելում պատերազմը հասցնել հաղթական ավարտի», որում չէին կասկածում նույնիսկ ժամանակի հայտնի շատ մարդիկ, այդ թվում` Չերչիլը, Էնվերը եւ ուրիշներ: Պատերազմը չշարունակելու պատճառն այն էր, որ դեռեւս 1915-ի մարտի սկզբին Անգլիան եւ Ֆրանսիան Ռուսաստանի հետ պայմանագիր էին կնքել, որ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանին թողնելու էին Կոստանդնուպոլիսը եւ Արեւելյան Անատոլիան (այսինքն` Արեւմտյան Հայաստանը)»: Սակայն Անգլիան բոլորովին էլ մտադիր չէր կատարել այդ պայմանագիրը, քանի որ «դարեր շարունակ պայքարել էր Ռուսաստանին նեղուցներից հեռու պահելու համար, ինչպես նաեւ հնարավորություն չտալու նրան երբեւէ արշավելու դեպի Կոստանդնուպոլիս»: Այդ իսկ պատճառով Անգլիան իրականացրեց երկու հեղափոխությունները Ռուսաստանում, նրան դուրս մղելով ռազմական թատերաբեմից: 1918 թվականին Խորհրդային Ռուսաստանը հետ քաշեց իր զորքերը, եւ ցարական Ռուսաստանի ազատագրած Արեւմտյան Հայաստանը դարձյալ անցավ թուրքերին: Ա. Օհանջանյանը հիշատակում է նաեւ անգլիացիների հակահայ քաղաքականությանը Բաքվում, որի հետեւանքով այդ քաղաքում կոտորվեց եւս 30 հազար հայ: Նրանք զինաթափեցին նաեւ Շուշիի հայերին, եւ նրանց իսկ ներկայությամբ թուրքերն սկսեցին կոտորել անգլիացիների հորդորով զինաթափված տեղի հայ բնակչությանը: «Լենինի եւ Տրոցկու կողմից Արեւմտյան Հայաստանը Թուրքիային վերադարձնելուց հետո... հայերի հաջորդ կորուստը 1921 թվականին էր, երբ բոլշեւիկների կարգադրությամբ Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին... Ի հավելումն այս ամենի, Լենինը Կարսը եւ Արդահանը, փաստորեն, նվիրեց թուրքերին», գրում է Օհանջանյանը:Արտեմ Օհանջանյանը տասնյակ տարիներ զբաղվում է Հայոց ցեղասպանության հարցերով, դրա մասին գրում ոչ միայն գրքեր, այլեւ նկարահանում ֆիլմեր, հանդես գալիս հրապարակային դասախոսություններով, հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մամուլի էջերում: Մեծ եղեռնը ժխտող թուրք պատմաբանները ոչ միայն հանգամանորեն ծանոթ են այդ բնագավառում հայ գիտնականի աշխատանքներին, այլեւ անձամբ գիտեն նրան ու նրա աշխատությունները: Նրանցից է ոչ անհայտ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն, որն անցյալ տարվա հունվարին Վիեննայում լրագրողների հետ ասուլիս է վարել իր հրատարակվելիք «Հայկական հարցը» գրքի թեմայով: Իմանալով այդ մասին` ավստրիական «Դի պրեսսե» հայտնի թերթի լրագրողուհի Կատրինե Միմոնը դիմել էր Ա. Օհանջանյանին` խնդրելով իր համար Հալաչօղլուին տալու մի հարցաշար կազմել:Խիստ զբաղվածության պատճառով Ա. Օհանջանյանը չի կարողացել ներկա լինել հանդիպմանը, սակայն Հալաչօղլուին են հասնում նրա բարեւները եւ կազմած հարցերը: Թուրք գիտնականը, ստանալով ողջույնը, ցանկություն է հայտնել գարնան սկզբին նորից գալ Վիեննա եւ հանդիպել Ա. Օհանջանյանին` համատեղ քննարկելու խնդրո առարկա թեման: Այդ մասին մամլո ասուլիսի հաջորդ օրը հրապարակել է թերթը` միաժամանակ զետեղելով հայ գիտնականի կազմած հարցերի պատասխանները: Սակայն հանդիպումը չի կայացել թուրք գիտնականի մեղքով: «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նա պայմանավորվում է, սակայն խուսափում ինձ հետ հանդիպելուց: Մի քանի տարի առաջ պիտի հարցի առնչությամբ տեղի ունենար հայ եւ թուրք պատմաբանների հանդիպում Վիեննայում, սակայն նա դեմ եղավ հայ պատմաբանների խմբում իմ գտնվելուն, ասելով, որ ես Հայաստանի քաղաքացի չեմ», ասաց Ա. Օհանջանյանը: Ինչ վերաբերում է թղթակցի տված հարցերին, Հալաչօղլուն պատասխանել է. իհարկե` ելնելով թուրքական տեսանկյունից: «Դարասկզբին Կ. Պոլսից ավստրիացիները եւ նրանց հյուպատոս Պալավիչինին զեկույցներ են հղել Վիեննա, որ թուրքերը վերացնում են իրենց երկրի տարածքի հայությանը»` Հալաչօղլուն պատասխանել է, որ ինքը չի հավատում մեկ մարդու փաստաթղթին: «Մենք հայերին միայն տեղահանել ենք, եւ հնարավոր է, որ այդ տեղահանության ժամանակ 400 հազար մարդ լինի մահացած, այն էլ հիվանդությունների եւ այլնի հետեւանքով: Այդ շրջանում հայերի հետ տառապել է նաեւ թուրք ժողովուրդը, եւ ոչ մի գենոցիդ չի եղել», ասել է թուրք գիտնականը: Պատասխանելով Աթաթուրքի կողմից հայերի կոտորածի դատապարտման հարցին` Հալաչօղլուն ասել է, որ նա այդ արել է օտար երկրների ճնշման տակ, իսկ Հրանտ Դինքի սպանության համար հայտնել է իր ցավակցությունը, սակայն ասելով, որ ռադիկալներ ինչպես ուրիշ երկրներում, այնպես էլ Թուրքիայում կան, եւ դրսից եկող ճնշումը նրանց էլ ավելի է համախմբում ու ինքնաբերաբար նրանց տանում անձնասպանության: Ֆրանց Վերֆելին վերաբերող հարցին նա, մասնավորապես, ասել է, որ Վերֆելը շատ սխալներ է գործել, ինչ վերաբերում է թուրքական համակարգում եղած այն խնդրին, որ հայերն են թուրքերի ցեղասպանություն իրագործել, Հալաչօղլուն խոստովանել է, որ դա, իսկապես, պրոպագանդա է: «Ես միշտ դեմ եմ եղել, որ խնդրով զբաղվեն քաղաքագետները: Դա պատմաբանների գործն է», ասել է նա:«Սկսած 1989 թվականից` ես ամեն տարվա ապրիլի 24-ին Երեւանում եմ եւ իմ հայրենիքի մարդկանց հետ բարձրանում եմ Ծիծեռնակաբերդի բարձունք` մատուցելու իմ հարգանքի տուրքը: Իսկ կյանքիս նպատակը համարում եմ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ճանաչել տալը», զրույցի վերջում ասաց Ա. Օհանջանյանը:

No comments: