Sunday, September 14, 2008

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. ԵՍ ԸՆԴՈՒՆԵՑԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՎԱՏԱՑԻ, ՈՐ ԵԿԵԼ Է ՊԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ

ԱՆԿԱՐԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ես ընդունեցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, քանի որ հավատացի, որ եկել է պահը քննարկելու մեր տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման հարցերը: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Մեկ ամիս առաջ մենք տեսանք, թե ինչպես տարածաշրջանում ցնցվեցին քարերը` պատերազմ սկսվեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Դրա մեջ ներքաշվեցին անգամ մեծ պետություններ: Անկարելի է լուռ նստել նման պահի: Հարկ է` քո ձեռքն առնես նախաձեռնությունը: Մենք պետք է լուրջ ջանքեր դրսեւորենք մեր տարածաշրջանի խնդիրները կարգավորելու համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` ավելացնելով, որ հենց այդ նպատակով էլ իրենք ժամանակին հանդես եկան Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկով: «Այստեղ հնարավորություն ստեղծվեց` աշխարհի առաջնության ընտրական փուլում միեւնույն խմբի մեջ հայտնվեցին Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականները: Այդ զուգադիպությունից հետո Հայաստանի նախագահ Սարգսյանը, համարձակություն դրսեւորելով, ինձ հրավիրեց Երեւան: Իսկապես, Հայաստանի նախագահի հրավերը ֆուտբոլային խաղին համարձակություն պահանջող քայլ էր: Մենք գիտենք, որ այնտեղ կան դրա դեմ հանդես եկող դաշնակցականները եւ այլ խմբեր: Ինչո՞ւ ընդունեցի այդ առաջարկությունը: Որովհետեւ հավատացի, որ եկել է պահը քննարկելու մեր տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման հարցերը: Ես ցանկացա օգտվել այդ առիթից քննարկելու համար ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ եղած հիմնախնդիրը: Անկեղծ ասած, ես ուրախ էի տվյալ այցն իրականացնելու այդ հնարավորության ի հայտ գալու համար, քանի որ պետական գործիչները պետք է ամեն բան մի լավ ծանր ու թեթեւ անեն եւ միայն դրանից հետո որոշում ընդունեն եւ գործեն»,- ասել է Աբդուլլահ Գյուլը` ընդգծելով. «Եթե մենք սառեցնենք խնդիրները, դա հղի կլինի իրադրության բարդացմամբ: Այդ սառեցված խնդիրները վերջ ի վերջո դառնում են իրականություն` կոչվելով դե-ֆակտո»: «Տվյալ այցի շրջանակում մենք քննարկեցինք երկու հարց, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր: Մենք բառ անգամ չփոխանակեցինք Սարգսյանի հետ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների բացման մասին: Ադրբեջանական ժողովրդին չնեղացնելու համար ես հրահանգեցի, որպեսզի իմ թիկնազորը եւ մեքենան Հայաստանի սահմանը հատեն ոչ թե Կարսի կողմից, այլ Վրաստանի տարածքով` հաղթահարելով ավելորդ 600 կիլոմետր»,- ավելացրել է թուրք առաջնորդը: Այն հարցին, թե «ինչպիսին եղավ Հայաստանի արձագանքը», Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք եւս կողմնակից են տարածաշրջանի խնդիրների կարգավորմանը եւ ուրախ կլինեն մեր մասնակցությանը այդ գործընթացին: Նա հայտարարեց, որ իրենք հավանություն են տալիս Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմին, դրա մեջ տեսնում են տարածաշրջանի խնդիրների կարգավորման հնարավորություն եւ անհրաժեշտ համարում համընդհանուր մասնակցությունը երկխոսությանը Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ես տեսա, որ Սարգսյանը բարի նպատակներ ունի եւ խոսում է անկեղծ համոզվածությամբ: Ես Երեւանից մեկնեցի բավարարված»: Իսկ այն հարցին, թե «Դուք խորհրդակցել եք արդյոք Արեւմուտքի հետ մինչեւ այցը Հայաստան», Աբդուլլահ Գյուլը պատասխանել է. «Ես լիովին անկախ որոշում եմ ընդունել, ոչ մի պետություն այդ այցի հետ կապված չի ազդել իմ որոշման վրա: Սակայն ես ուրախ եմ, որ հավանություն ստացա շատ երկրների կողմից: Հայաստանն արդեն հասկանում է, որ ինքը հարկադրված է համագործակցել աշխարհի բոլոր երկրների, հատկապես հարեւան երկրների հետ: Հակառակ դեպքում, տարածաշրջանում չի լինի խաղաղություն, եւ Հայաստանը կվերածվի մի երկրի, որը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը: Հայաստանը հասկանում է դա: Ես հավատում եմ, որ ի դեմս Սարգսյանի այդ նախաձեռնությունը դրական կգնահատվի: Պետք է վերջ տալ հին քաղաքականությանը: Մենք` տարածաշրջանի բոլոր երկրներս, պետք է նայենք միայն առաջ»: Ի պատասխան հայկական սփյուռքի գործունեությանն առնչվող հարցին, Թուրքիայի նախագահը նշել է, որ «սփյուռքն իր հերթին եւս պետք է գործի հանուն Հայաստանի բարգավաճման եւ պետք է դրանով ուրախանա: Սփյուռքը պետք է ուրախ լինի, որ Հայաստանը հարաբերություններ է հաստատում իր հարեւան երկրների հետ»:

No comments: