Saturday, September 6, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` ՈՉ ԱԶԱՏ

«ԼՐԱԳԻՐ», 25.07.08: Նախկին խորհրդային մի շարք երկրներում մամուլի ազատության վերաբերյալ Freedom House-ի ուսումնասիրությունները բավական մռայլ պատկեր են ներկայացնում, եւ դրանց արդյունքները խիստ մտահոգիչ են: «Ազատություն» ռադիոկայանի տված հետ բացառիկ հարցազրույցում խոսելով այս մասին, կազմակերպության հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը ասել է, որ ԱՊՀ-ի երկրներից 10-ում մամուլը գնահատվել է «ոչ ազատ», եւ միայն Վրաստանում եւ Ուկրաինայում` «մասամբ ազատ»: Ըստ բանախոսի մամուլը ճնշելու մեթոդները տարբեր են. «Գոյություն ունեն մամուլին ահաբեկելու մի շարք ձեւեր, որոնց վրա հիմնվում են բոլոր բռնապետական վարչախմբերը: Դա կարող է արտահայտվել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններով եւ դրա դիմաց անպատժելիությամբ, կամ էլ ավելի անտեսանելի` ինչպես, ասենք, Ռուսաստանում, որտեղ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները գնում են լրատվական դաշտում գործող ընկերությունները եւ դրանով իսկ իշխանության ղեկին կանգնած մարդկանց հնարավորություն տալիս վերահսկողություն տակ առնել խմբագրական աշխատանքը: Այս երկրների մեծ մասում իշխանություններն ունեն ահռելի առավելություն իրավիճակը վերահսկելու հարցում` ի դեմս իրենց իսկ ենթարկվող դատավորների, ինչի արդյունքում զրպարտության մասին օրենքը օգտագործվում է լրագրողներին պատժելու եւ դատարանի առջեւ կանգնեցնելու համար: Առանց մամուլի ազատության դժվար է պատկերացնել, որ այս երկրների կառավարություններից որեւէ մեկը կարող է էական առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում կամ արդյունավետ կառավարման ոլորտում», ասել է Քրիսթոֆեր Ուոքերը: Freedom House-ը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների թվում արդեն հինգերորդ տարին անընդմեջ դասում է նաեւ Հայաստանը: Ըստ կազմակերպության, Հայաստանում «խոսքի ազատությունը օրենքներով երաշխավորված է, գործնականում` վտանգված: Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կամ իշխանամետ քաղաքական գործիչները, կա մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարները»:

No comments: