Thursday, September 4, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀՐԱՎԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼԻՍ ՉԱՆՏԵՍՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ԱՆԿԱՐԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի խորհրդարանական խմբակցությունները քննարկել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Երեւան կատարելիք հնարավոր այցը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, քննարկումների ժամանակ Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգայնական շարժում» ընդիմադիր կուսակցությունները մասնավորապես հայտարարել են, որ հայկական կողմի հրավերի կապակցությամբ որոշում կայացնելու ժամանակ չպետք է անտեսվի ղարաբաղյան հակամարտության հարցը: «Մեզ համար ամենակարեւորը սա է. Հայաստանը տարիներ ի վեր օկուպացված է պահում Ադրբեջանի տարածքների 20%-ը: Մեկ միլիոն մարդիկ հայտնվել են գաղթականի կարգավիճակում, լքել իրենց բնակավայրերն ու ստիպված այլ վայրերում բնակություն հաստատել: Մեզ համար լուրջ հարցը սա է: Այդ պատճառով էլ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ չենք կարողանում հաստատել, չենք կարողանում բացել սահմանները: Այդ խնդրի կարգավորման համար սկսվել էր Մինսկի գործընթացը: Սակայն այդպես էլ չի հաջողվում լուծում գտնել»,- հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը: «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Մեթին Չոբանօղլուն իր հերթին հայտարարել է, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բխում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումից. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում չի կարող անտեսել Ադրբեջանին: Բնականաբար, մենք կողմակից ենք, որ բարեկամական հարաբերությունները շարունակվեն բոլոր հարեւանների հետ: Սակայն Հյաստանի հետ հարաբերությունները բխում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումից»,- հայտարարել է թուրք ընդդիմադիրը` ավելացնելով, որ այդ խնդրի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցի լուծումից հետո այլեւս որեւ խնդիր չի մնա:«Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության համանախագահ Էմինե Այնանն էլ ընդգծել է, որ ճիշտ չի լինի չընդունել հրավերը` կարեւորելով երկխոսություն ծավալելու հնարավորությունը:

No comments: