Saturday, September 20, 2008

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԵԼ Է ԵՎ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Այս ամառվա ընթացքում Երուսաղեմի հայկական պատրիարքարանը կրեց բարբարոսության երկու միջադեպ իր հեռավոր սեփականությունների վրա. մեկը Ռամլեյում, որը գտնվում է Երուսաղեմից մեկ ժամ հեռավորության վրա, մյուսը Բարոն Դերում, երեսուներեք ու կես ակր մակերեսով ձիթենիների պուրակ, որը գտնվում է Բեթղեհեմ-Բեյթ Ջալա եւ Երուսաղեմ քաղաքների միջեւ, հաղորդում են պատրիարքարանից: Ռամլեյում բարբարոսներն օգտվել էին առիթից, որ հայկական ս. Գրիգոր վանքի սեփականությունը ժամանակավորապես բնակեցված չէր, եւ թալանել էին վանքը, ինչպես նաեւ ավերել դռներն ու պատուհանները: Վանահայր Ավետիս Իպրաջյանը հայտնել է միջադեպի մասին Իսրայելի ոստիկանությանը: Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ս. Ջեյմս եղբայրության անդամների ուղեկցությամբ գնացել է Ռամլեյ, որպեսզի ստուգի վնասի չափերը: Վանքը կառուցվել է 1600-ական թթ. եւ նրա պատմությունը կապված է հայ ուխտագնացների հետ, ովքեր մինչեւ ժամանակակից փոխադրամիջոցների հայտնագործումը կանոնավոր կերպով իջնում էին նավակներից մոտակա Ջաֆա նավահանգստում` Երուսաղեմ տանող ճանապարհին: Հանգստանալուց հետո Ջաֆայի հայկական ս. Նիկողոս վանքում, որը նայում է Թել Ավիվի նավահանգստին, նրանք շարունակում էին դեպի Ռամլեյ եւ ս. Գրիգոր վանք: Այստեղ էլ հանգստանալուց հետո նրանք վերսկսում էին իրենց ճամփորդությունը դեպի Երուսաղեմ: Ընդամենը մեկ ամիս անց պատրիարքարանն իմացավ մեկ այլ միջադեպի մասին, այն է` կասկածելի ծագում ունեցող հցդեհը վնասել է 15-20 ձիթենի Բարոն Դերի ձիթենիների պուրակում: Դրական ձեռքբերում է գրանցվել երկու կարեւոր հիմնահարցերի վերաբերյալ, այն է` Հիսուս Քրիստոսի սուրբ գերեզմանի եւ ս. Ծննդյան եկեղեցու ֆիզիկական վիճակը: Տասնամյակներ ի վեր ս. Ծննդյան եկեղեցու տանիքը, որը հայտնվել էր շատ վատ վիճակում, վերանորոգման կարիք ուներ: Երեք հարանվանյաց եկեղեցիների` Հունական Ուղղափառ, Հայկական Ուղղափառ եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ տարաձայնությունները թույլ չէին տալիս համաձայնության գալ Ստատուս քվո հանձնախմբում, հատկապես հունական ուղղափառ եկեղեցու այն դիրքորոշման պատճառով, թե միայն իրենք իրավունք ունեն վերանորոգման աշխատանքներ կատարել: Փորձելով լուծում տալ այս անելանելի իրավիճակին` Ստատուս քվո հանձնախումբը որոշում է կայացրել գործը հանձնել պաղեստինյան իշխանություններին, խնդրելով, որ վերջիններս հանձն առնեն տանիքի վերանորոգման աշխատանքների վերահսկումը: Սուրբ վայրերի երեք պահապան համայնքները նաեւ հաջողությամբ համաձայնության են եկել Ստատուս քվո հանձնախմբում Հիսուս Քրիստոսի սուրբ Գերեզմանի զուգարանների վերանորոգման վերաբերյալ: Այս հարցը վիճելի է եղել տասնամյակներ ի վեր, միչեւ որ ինտենսիվ բանակցությունները հանգեցրին արդյունքի: Տասը սանհանգույցի վերանորոգման աշխատանք է սկսվել, ինչն արժե 136,000 դոլար: Ծախսը հավասարապես կիսելու են երեք պահապան համայնքները: Երուսաղեմի հայկական պատրիարքարանը աշխարհում յուրաքանչյուր հայ համայնքի աջակցության կարիքն ունի, որպեսզի պահպանի անցյալ սերունդների` հավատաիրմ ուխտավորներին թողած ժառանգությունը Սուրբ հողում: Ժամանակը, ուշադրությունը, աղոթքները եւ նվիրատվությունները բոլորն էլ կարեւոր են հայկական Երուսաղեմի հաջողության համար»,- ասվում է պատրիարքարանի նամակում:

No comments: