Thursday, September 4, 2008

ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱ ՀԶՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

«Չի բացառվում, որ Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու նախադեպերը գուցեեւ կարող են ավելի բարդացնել մյուս սառեցված հակամարտությունների լուծումը»,- սեպտեմբերի 2-ին մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:Ըստ նրա, կարող է պարադոքսալ թվալ, որ մի կողմից կարծես թե սառեցված հակամարտությունները լուծվում են, սակայն մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ լուծումները հեշտացնում են մյուս հակամարտությունների կարգավորումը. «Մի դեպքում գործում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մեկ այլ դեպքում էլ գործում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, բայց իրականում այդ երկու սկզբունքները չեն գործում: Լ.Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ, գործում է ընդամենը նպատակահարմարության եւ գերտերությունների շահերից բխող սկզբունքը, եւ գերտերությունը ցանկացած պահին կարող է նախապատվությունը տալ տարածքային ամբողջականության սկզբունքին, մեկ այլ դեպքում նույնպիսի ճշմարտությամբ նախապատվությունը տալ ազգերի ինքնորոշման սկզբունքին»: «Միջազգային իրավունք կոչեցյալը դա զորեղների, հզորների իրավունքն է. ինչպես անցյալում է այդպես եղել, այնպես էլ այսօր: Աշխարհի կարգը որոշում են 4-5 հզորներ»: Լ.Տեր-Պետրոսյանը դժվարացավ պատասխանել, թե ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի Լեռնային Ղարաբաղի հարցում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստում. «Ես չգիտեմ, կգա՞ մի պահ, երբ աշխարհը կամ աշխարհի հզորներից որեւէ մեկը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը. դա ինձ հայտնի չէ: Չի բացառվում, որ կարող է լինել այնպիսի մի իրավիճակ, որ դա տեղի ունենա»:

No comments: