Sunday, October 5, 2008

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 26.09.08: Երեկ Մ. Նահանգների դեսպանատանը բարեգալստյան ընդունելություն էր ի պատիվ դեսպան Մարի Յովանովիչի: Ներկա էին հայաստանյան պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ, կուսակցությունների պետեր, կրթական եւ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ղեկավարներ: Նորանշանակ դեսպան տիկին Մարի Յովանովիչը, Մ. Նահանգներ-Հայաստան բարեկամության կենաց բաժակ բարձրացնելուց առաջ արտասանած ողջույնի հակիրճ խոսքում, որն, ի դեպ, սկսեց հայերեն լեզվով, հիշեցրեց երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմական-բարեկամական խոր կապերը եւ արագ անցում կատարելով դեպի մեր օրերը, շեշտեց, որ Մ. Նահանգները շարունակում է ուղիներ փնտրել, հատկապես վերջին երկու ամիսներին պատահած իրադարձություններից հետո, Հայաստանը դուրս բերելու իր մեկուսացումից: «Հայաստանի մեկուսացվածությունը վերացնելը, ասաց նա, դարձել է անհրաժեշտություն»: Տիկին Յովանովիչն անդրադարձավ նաեւ նախագահ Գյուլի Հայաստան այցելությանը, որը նոր հույսեր է ներշնչում տարածաշրջանային անվտանգության ու բարօրության համար, միաժամանակ հույս հայտնեց, որ ղարաբաղյան հիմնահարցն իր լուծումը կգտնի: Տիկին դեսպանը խոստացավ ջանք չխնայել Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ:

No comments: