
Երեւան (Երկիր) . 25-12-2008 - Թուրքիայի Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանի հայտարարությունները Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի մոր հայկական ծագման մասին բուռն արձագանք են ստացել անգամ եվրոպական պատգամավորների շրջանում: Եվրահանձնաժողովի սոցիալիստական խմբի փոխնախագահ Հանս Սվոբոդան Ջանան Արիթմանի հայտարարությունները բնութագրել է որպես «ռասիստական, ազգայնամոլական եւ անընդունելի»:«Նախեւառաջ, կարեւոր չէ` արդյոք Արիթմանի խոսքերը ճշմարի՞տ են, թե՞ ոչ: Եթե անգամ նախագահ Գյուլի երակներում հայկական արյուն է հոսում, դա բոլորովին էլ հիմնավորում չէ: Ջանան Արիթմանը պետք է ներողություն խնդրի կամ հրաժարական տա»,- ասել է Հանս Սվոբոդան` ավելացնելով, որ այդպես են վարվում բոլոր ժողովրդավարական երկրներում, իսկ եթե նա ինքը չանի դա, ապա կուսակցության առաջնորդը պետք է պահանջի նրա հրաժարականը: «Այդ ամենն ապացուցում է, թե որքանով Հանրապետական ազգային կուսակցությունը եւ նրա ղեկավարությունը հեռու են եվրոպական չափանիշներից»,- նկատել է եվրոպացի պատգամավորը: Սվոբոդայի խոսքերով` եթե անգամ Թուրքիայի նախագահը հայ է, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ Թուրքիայի շատ քաղաքացիներ ունեն հայկական արմատներ:«Նրանք բոլորն էլ Թուրքիայի լիիրավ քաղաքացիներ են: Օրինակ` Հիքմեթ Չեթինը քրդական արմատներ ունի: Ֆրանսիայի նախագահը Հունգարիայից է, իսկ Ֆրանսիայի շատ նախարարների նախնիները Աֆրիկայից են սերում: Իսկ այն նշանակությունը, որն Արիթմանը տալիս է «հայ» բառին, անպատվություն է Թուրքիայի համար: Եվրոպայում քաղաքական գործիչները պարտավոր են պարզապես ներողություն խնդրել նման ռասիստական հայտարարությունների համար»,- ամփոփել է Հ.Սվոբոդան, ըստ PanARMENIAN.Net-ի` հաղորդում է «Զաման» թերթը:
No comments:
Post a Comment