Wednesday, December 10, 2008

Բակո Սահակյան. «Արցախի անկախությունն ու անվտանգ գոյատեւումը այլընտրանք չունեն»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիներին: Ուղերձում, որի տեքստը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին է տրամադրել ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը, ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Թանկագին հայրենակիցներ. Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի համար ամենախորհրդանշական օրերից մեկն է: 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը փաստացի ամրագրեց ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ստեղծելու իր կամքը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ 15 տարի անց, 2006 թվականի նույն օրը Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ազգովի արտահայտեց իր անկախ պետականությունը է'լ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու վճռականությունը` համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով երկրի գլխավոր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը: Այն դարձավ ժողովրդավարական պետություն կառուցելու, միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ լինելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու մեր պետական քաղաքականության անշրջելիության վկայությունը: Երկրի մայր օրենքը անկախ պետականության կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է, որը երաշխավորում է մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, կարգավորում պետության ներքին կյանքը, նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հանդիսանում է մի յուրահատուկ կամուրջ երկրի եւ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ: ԼՂՀ Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ Արցախի անկախությունն ու անվտանգ գոյատեւումը այլընտրանք չունեն: Բարեկամներ, կրկին անգամ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի առթիվ եւ ի սրտե մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն: Ամենայն բարիք ձեզ բոլորիդ»:

No comments: