Wednesday, December 31, 2008

ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի ԱԳՆ Դ. Բակոյանիսը Հայաստան կայցելի հաջորդ տարվա առաջին եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահությունը 2009 թվականի հունվարի 1-ից կստանձնի Հունաստանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ծրագրվում է, որ ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը Հայաստան կայցելի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Հունաստանի ԱԳ նախարարի` ԵԱՀԿ նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի կունենա Վիեննայում հունվարի 15-ին: Այդ օրը նա կհրապարակի ԵԱՀԿ գերակայությունները Հունաստանի նախագահության շրջանում: Անդրեյ Դենիսով. «Ռուսաստանը հավասարապես շահագրգռված է թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու հարցում» ՄՈՍԿՎԱ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը երկուշաբթի օրը Մոսկվայում պատասխանելով «Թրենդ»-ի հարցին` ասել է, որ անցնող տարին, հատկապես` դրա ավարտական շրջանը, դրական քայլերով է նշանավորվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նրա խոսքով` Ռուսաստանը հավասարապես շահագրգռված է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու հարցում: «Երկու երկրներն էլ մեզ շատ մոտիկ են: Ռուսաստանը միանգամայն անկեղծորեն ու անկողմնակալ փորձում է անել հնարավորը, որպեսզի այդ երկու երկրները գտնեն այնպիսի լուծում, որն իրենց կբավարարեր՝ հաղթահարելով շատ բարդ, ծանր ու ցավագին հակամարտությունը»,- ասել է Անդրեյ Դենիսովը:

No comments: