Thursday, December 11, 2008

ԱՐԱԲ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶՆԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԴԵՊ

«Ազգ». 11-12-2008- Հազարավոր նոր զոհեր պիտի գումարվեին Օսմանյան կայսրության իրագործած 1,5 միլիոն հայերի ցեղասպանությանը, եթե չլիներ արաբ ազնիվ ժողովուրդը, որ գրկաբաց ընդունեց եւ ապաստան տվեց դեպի Սիրիայի անապատները տարագրված հայ գաղթականներին: Աշխարհի տարբեր երկրներում ապրող, ստեղծագործող եւ բարգավաճող հայերի մեծ մասը կարելի է ասել կարողացավ հասնել ներկայի իր դիրքին շնորհիվ արաբ ժողովրդի այդ քայլի: Գիտակցելով այս իրողությունը, մի խումբ հայորդիներ (Վազգեն Յակուբյան եւ ուրիշներ) նախաձեռնել են «Երախտիքի հուշարձան»-ի կառուցումը քաղաքամայր Երեւանում: Արդեն իսկ ուշացած այս գաղափարը մի քանի տարի է, ինչ հոլովվելուց հետո վերջապես մոտ է իրականություն դառնալուն: Միջին Արեւելքում (Դամասկոս, Հալեպ, Բեյրութ, Դուբայ) արդեն իսկ ստեղծվել են համապատասխան հանձնախմբեր, որոնք զբաղված են ծրագրի օգտին հանգանակություն կազմակերպելով եւ, ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ գումարի (385 հազար դոլար) մոտ կեսն արդեն իսկ հավաքված է: Ծրագիրն արժանացել է Հայաստանի կառավարության բարյացակամ վերաբերմունքին: Տրամադրվել է հողաշերտ` Ծովակալ Իսակովի պողոտայի վրա (Երեւանյան լճի հարեւանությամբ, «Զվարթնոց» օդանավակայան տանող մայրուղու վրա), հաստատվել է քաղաքապետարանի կողմից եւ շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են անցյալ հուլիս ամսվանից: 400 քառ. մետր տարածության վրա 11 մետր բարձրություն ունեցող հուշարձանի կառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2009-ի հունվարի 31-ին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համաձայնությամբ սույն հողաշերտի գրանցումը կատարվել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի անունով: «Բազում հուշարձաններ կանմահացնեն այն մեծ սխրագործությունները, որոնք տեղի ունեցած են Հայաստան աշխարհի մեջ: Այս հուշարձանը, սակայն, յուրահատուկ նշանակությամբ կարտահայտի հայ ժողովրդի երախտիքը հանդեպ արաբ ազնիվ ժողովրդին», ասել է այս առթիվ Վեհափառ հայրապետը: Իսկ ականավոր գիտնական, ցեղասպանագետ, պրոֆ. Վահագն Տատրյանը այս խոսքերով է արձագանքել նախաձեռնությանը: «Երախտիքի հուշարձանը, որ պիտի կառուցվի մայրաքաղաքի` Երեւանի մեջ, երկարամյա երազանքն է մի շարք սփյուռքահայերի: Այն խորհրդանշելու է հայ ժողովրդի երախտագիտությունը հանդեպ արաբ ազնիվ ժողովրդի, 1915 թ. Հայոց ցեղասպանության ընթացքում ունեցած իր մարդկային եւ ազնիվ կեցվածքի ու հոգատարության համար, առանց որի շատ հայեր պիտի չկարողանային վերապրել: Անհուն գոհունակությամբ կողջունենք հայրենանվեր այս մտահղացումը եւ կընձեռենք մեր ամբողջական աջակցությունը այս չնայած հապաղած, սակայն չափազանց արժանի ծրագրին»: Հարգարժան Վազգեն Յակուբյանի շրջաբերականը, որով աշխարհի տարբեր երկրներում ծվարած հայ բարերարներին կոչ է արվում առատաձեռն նվիրատվություններով մասնակցել այս նախաձեռնությանը, նաեւ տեղեկացնում է, որ նախատեսվում է հուշարձանի պաշտոնական բացմանը հրավիրել արաբական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին: Ի դեպ, նախագծի, կատարվող աշխատանքների եւ այլ մանրամասների համար շրջաբերականը խորհուրդ է տալիս այցելել «www.themonument.org» կայքը: Էլ. փոստի հասցեն է «info@themonument.org», իսկ ֆաքսի համարը` +963-11-5421577: Նվիրատվություններ կարելի է անել Երեւանի Հայներարտբանկի (ներկայումս Ամերիաբանկ) 1570001075483101 համարին: Հ. Ծ.

No comments: