Tuesday, December 2, 2008

ՊԵՏՔ ՉԷ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՂԵԼ ՍԽԱԼԻ

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ հաճախ եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերից կարելի է լսել, թե իրենք պատրաստ են ընդունել ցանկացած լուծում, որը կընդունի Ղարաբաղի ժողովուրդը: Առաջին հայացքից միանգամայն տրամաբանական թվացող այդ ձեւակերպումն իրականում դասական պիղատոսություն է, որով քաղաքական ուժերը փորձում են իրենց վրայից մի կողմ դնել Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ որեւէ պատասխանատվություն: Թվում է, որ իսկապես, քաղաքական ուժը պետք է համաձայնի հանրային կարծիքի, գնահատականի հետ: Սակայն, այդ դեպքում հարց է առաջանում, թե իսկ ինչի համար է քաղաքական ուժը, ինչի համար է կուսակցություն կամ դաշինք ասվածը: Չէ որ քաղաքական ուժը, որ ստանում է կազմակերպական ինչ որ ձեւ, համախոհների միավորում է: Այսինքն, այդ համախոհներն ունենում են իրենց հստակ եւ սկզբունքային մոտեցումները այս կամ այն, առավել եւս տվյալ հասարակության համար առանցքային կարեւորության հարցերի վերաբերյալ: Եթե չկա այդ հստակ, սկզբունքային մոտեցումը, ապա հարց է առաջանում, թե ինչի համար է համախոհների միավորումը: Հետեւաբար, եթե քաղաքական ուժն ընդունելու է Ղարաբաղի ժողովրդի ցանկացած որոշում, ապա այլեւս ինչի համար է այդ ուժի գոյությունը: Կա պետություն, իշխանություն, եւ այդ իշխանությունը միանգամայն բավարար է Ղարաբաղի ժողովրդի որոշմանը հավանություն տալու, այդ որոշման վրա կնիք դնելու համար: Ուրիշ որեւէ կուսակցության, այլ ձեւաչափի քաղաքական միավորման հավանության կարիքը կարծես թե չկա, եթե այդ հավանությունը լինելու է բոլոր դեպքերում: Ղարաբաղի ժողովուրդը կարող է սխալվել, ի վերջո մոտ 100-150 հազար մարդ են, ընդ որում պաշտոնական տվյալով, որ ապրում են գրեթե բացարձակապես փակ համակարգում, որ զրկված են լիարժեք եւ համակողմանի որեւէ տեղեկատվությունից, որ ապրում են անվտանգության բացառիկ սրված զգացումով, որը երբեմն առնչվում է վախի հետ, հետեւաբար զրկված են իրականությունը համարժեք գնահատելու հնարավորությունից: Համազգային կարեւորության հարցի լուծումը պայմանավորել միայն այդօրինակ էքստրեմալ պայմաններում հայտնված հանրության կամքով, նշանակում է պարզապես այդ հանրությանը գիտակցաբար մղել սխալի: Եթե ես քաղաքական ուժ եմ, եթե ունեմ իմ հստակ մոտեցումը հատկապես ռազմավարական հարցերի վերաբերյալ, եթե ունեմ սկզբունքային դիրքորոշում, եթե այս դիրքորոշումն ունի հստակ ձեւակերպված եւ փաստարկված հիմք, ապա ինչպես կարող եմ համաձայնել հարցի լուծման ցանկացած որոշման հետ: Խոսքն իհարկե չի գնում այն մասին, որ եթե Ղարաբաղի ժողովուրդը կողմ լինի քեզ համար անընդունելի որոշման, վեր կենաս ու հարձակվես Ղարաբաղի ժողովրդի վրա, կամ պահանջես Ղարաբաղի ժողովրդի հրաժարականը: Բայց ցանկացած որոշում ընդունելու մարգինալությունը պատիվ չի կարող բերել որեւէ քաղաքական ուժի, անկախ նրանից, թե այդ ուժը քաղաքական դաշտի որ հարթության վրա է: Ավելին, քաղաքականությունն ինքնին հենց այն բանի համար է, որ ցանկացած որոշման լինի այլընտրանք, որովհետեւ գիտենք, որ կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր է ստանալ ժողովրդի ցանկալի կարծիք: Հենց դրա համար գոյություն ունեն քաղաքական ուժեր, որ հակակշռեն շահարկումների մեխանիզմները, այլ կերպ ասած պայքարեն քաղաքական որեւէ մոնոպոլիայի դեմ, որ կարող է հաստատվել “ժողովրդի որոշման” անբեկանելիության պարագայով: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ