Thursday, January 29, 2009

ԱՓՍՈՍԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼ «7-Ի ԳՈՐԾԸ»

Ձայնից չզրկեցին, բայց այդ մասին նշեցին նոր` 1643 բանաձեւում
«Ազգ»- 29.1.2009- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունվարի 27-ին ընդունված նոր` թիվ 1643 բանաձեւը հետաքրքրական դրույթներ է պարունակում, որոնք, ըստ էության, մտցվել են ի հավասարակշռումն ձայնի իրավունքից հայաստանյան պատվիրակությանը զրկելու պատժամիջոցի կիրառման: 11 դրույթից բաղկացած բանաձեւում վեհաժողովը, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի զեկույցի հիման վրա, նախ անդրադառնում է նախորդ բանաձեւերին ու դրանցում ամրագրված այն վիճակին, որ չնայած Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ պահանջները բավարարելու կամքի առկայությանը` առաջընթացը գնահատվել էր ոչ նշանակալի: Նշելով 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի անկախ, անկողմնակալ եւ արժանահավատ հետաքննության պահանջի մասին` վեհաժողովը ողջունում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկով Հայաստանի նախագահի որոշմամբ այդ դեպքերի հետաքննության փաստահավաք խմբի ստեղծումը, նաեւ այդ խմբում ընդդիմության մասնակցությունը: 1643 բանաձեւում ԵԽԽՎ-ը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ փաստահավաք խմբի աշխատանքներին միջամտելուց կամ քաղաքական գնահատականներ տալուց: Միեւնույն ժամանակ, վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել փաստահավաք խմբի հետ հնարավոր համագործակցությունը, բոլոր պետական մարմիններից եւ պաշտոնյաներից տեղեկատվության հասանելիությունը` առանց բացառության, ներառյալ այն պաշտոնյաներին, ովքեր պաշտոնաթող են եղել կամ փոխարինվել են 2008-ի մարտի 1-2-ի դեպքերից հետո: Փաստահավաք խմբին պետք է տրվեն անհրաժեշտ պարզաբանումներ` մարտի 1-2-ին ձերբակալված, հետապնդված եւ դատապարտված անձանց վերաբերյալ: Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ մինչեւ վերջին պահը, միայն սահմանափակ առաջընթաց էր եղել ՀՀ իշխանությունների կողմից պահանջների կատարման առնչությամբ, մասնավորապես, որ հակառակ վեհաժողովի պահանջներին, հետապնդման գործերի եւ դատապարտումների զգալի մասը հիմնված է եղել միայն ոստիկանների ցուցմունքների վրա` առանց հիմնավորված փաստերի, եւ շատ քիչ են Հայաստանի քր. օր.-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքներից հրաժարվելու դեպքերը: Այս ընդունված բանաձեւում, ի տարբերություն բանաձեւի դեկտեմբերյան նախագծի, չկա «քաղաքական բանտարկյալներ» ձեւակերպումը: Դրա փոխարեն նշվում է, որ մարտյան իրադարձությունների հետ կապված զգալի թվով մարդիկ, մասնավորապես` 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածով մեղադրված անձինք եւ ոստիկանների վկայությունների վրա հիմնված մեղադրանքները եղել են քաղաքական պատճառներով: Սրանից հետեւում է, որ այս մեղադրանքներով դատապարտված անձինք կարող են համարվել քաղբանտարկյալներ: Բանաձեւի մյուս դրույթով թեեւ ափսոսանք է հայտնվում Հայաստանի իշխանությունների կողմից համաներման, ներման կամ մեղադրանքից հրաժարվելու իրավական միջոցներից չօգտվելու մասին, սակայն ըստ էության սա ցույց է տալիս ԵԽԽՎ-ի համար ընդունելի տարբերակները, որոնք կարող են, օրինակ, հանգուցալուծել «7-ի գործը»: Վեհաժողովը գոհունակություն է հայտնել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների առիթով, մասնավորապես լրատվության, ընտրական օրենսդրության եւ արդարադատության բնագավառներում եւ կոչ է անում իշխանություններին շարունակել համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի մարմինների հետ: Դժգոհ մնալով 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված ազատազրկման մեջ հայտնված մարդկանց իրավիճակից, այնուամենայնիվ վեհաժողովը գտնում է, որ Ազգային Ժողովի վերջին նախաձեռնությունը` ԵԽ-ի չափանիշներին համապատասխան քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների վերանայումը, ներում շնորհվածների թիվը, նաեւ անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն կազմակերպելու դրական քայլերը պետք է համարվեն 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների պատրաստակամություն: Այդպիսով, վեհաժողովը բանաձեւով ամրագրեց, որ որոշում է չզրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից` ուսումնասիրելով այս եւ նախկին բանաձեւերի իրականացման ընթացքը մինչեւ 2009-ի ապրիլյան նստաշրջան: Այս էլ երրորդ բանաձեւով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը անդրադառնում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը: Ու չնայած խորհրդարանական վեհաժողովի այս նիստում առանձնակի բացասական կարծիքներ ու գնահատականներ չհնչեցին Հայատանի հասցեին, բնավ էլ պետք չէ կարծել, թե երկրի հեղինակությանը հասցվող վնասի մասին խոսակցություններն ու հայտարարությունները տեղին չէին: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

No comments: