Thursday, January 29, 2009

ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ, ՈՒ ԵՐԿՈՒ ԺԱՄ

Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը եւ սպասվող համանախագահական այցը տարածաշրջան
«Ազգ»- 29.1.2009. Կառուցողական ու օգտակար: Այսպիսին որակեցին երեկ Ցյուրիխում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ժամանել էին Դավոսում տեղի ունեցող տնտեսական ֆորումին մասնակցելու ու այդ շրջանակներում էլ կազմակերպված հանդիպումն իրականացնելու համար: Տեղական ժամանակով 11:50-ին սկսված հանդիպմանը Ցյուրիխի «Ռեդիսոն-սաս» ժամանեց Հայաստանի նախագահը, ապա նրան հետեւեց Իլհամ Ալիեւը: Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը, որին մասնակից էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարներն ու Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, տեւեց երկու ժամ, որից քիչ ավելի անց հայ լրագրողներին որոշ տեղեկություններ փոխանցեցին Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը : Ընդ որում, ադրբեջանական արտաքին գերատեսչության ղեկավարը թեեւ ընդգծեց, որ միայն հայ լրագրողներն են տվյալ պահին այդտեղ, բայց պատասխանեց մեր հարցերին: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպումը կառուցողական էր, օգտակար: Նալբանդյանի խոսքերով, շարունակվեցին նախագահների հանդիպումները, որ սկսվել են Պետերբուրգում եւ Մոսկվայում, «լավ տոնով ու մթնոլորտում, երկու նախագահները նշեցին որոշակի դինամիկայի առկայություն, որ հանդիպումները կրում են պարբերական բնույթ»: Ըստ Նալբանդյանի, կա որոշակի առաջընթաց, որ երկու նախագահները հանդիպումից հանդիպում ավելի լավ են հասկանում կողմերի դիրքորոշումը, այն դժվարություններն ու խոչընդոտները, որ կան կարգավորման ճանապարհին: Ամեն դեպքում, համանախագահները մեկ ամսից կայցելեն տարածաշրջան: Մամեդյարովն, իր հերթին, համաձայնեց իր գործընկերոջ հետ, ավելացնելով, որ պետք է փնտրել մերձեցման եզրեր, որ առաջ գնանք: «Մենք էլ ենք գտնում, որ կա դինամիկա, շարժում, պետք է իմ գործընկերոջ հետ շարունակենք ջանքերը», նշեց Ադրբեջանի ԱԳ նախարարը: Հիմնվելով ներկայումս մշակվող հիմնական սկզբունքների վրա, ըստ Մամեդյարովի, դրանց մի մասի առնչությամբ կողմերի միջեւ արդեն կա ըմբռնում, թե որ ուղղությամբ եւ ձեւով կհամաձայնեցվեն: «Կան կարեւոր սկզբունքների մեջ հարցեր, որ մնում են չհամաձայնեցված, չլուծված, դրա համար էլ տեղի են ունենում այս հանդիպումները»: Նալբանդյանն էլ ավելացրեց, որ ներկա պահին խոսքը սկզբունքների մշակման ու համաձայնեցման մասին է, եւ միայն որոշակի համաձայնություններից հետո սկզբունքների շուրջը կողմերը կսկսեն աշխատանքները շրջանակային փաստաթղթի ուղղությամբ: «Ազգի» հարցին, թե դեռեւս քանի սկզբունք է մնում չհամաձայնեցված, Մամեդյարովը պատասխանեց. «Այն համատեքստում, որ ներկայացվել է համանախագահների կողմից, եւ շարունակությունը Մադրիդում, ապա նաեւ Հելսինկիում, մենք քննարկում ենք երեք-չորս սկզբունք: Դրանցից մի քանիսում ըմբռնում կա, այն օդում է, իսկ թե ինչպես կձեւակերպվի, երբՙ ժամանակի հարց է, բայց սկզբունքորեն ըմբռնումը հնչում է: Խնդրահարույց են մեկ-երկուսը, որոնց առնչությամբ պետք է գտնել փոխընդունելի տարբերակներ»: Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն ավելացրեց. «Ըմբռնումն այս կամ այն սկզբունքների առումով բնավ չի նշանակում, թե համաձայնեցված են»: Համանախագահներ Մեթյու Բրայզան ու Բեռնար Ֆասիեն էլ հավելեցին, որ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կրկին կլինեն տարածաշրջանում: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ցյուրիխ

No comments: