Sunday, January 11, 2009

ՀՀ պետբյուջեից ֆինանսական աջակցություն է ստանում 8 կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, ազգային փոքրամասնություններին 2009 թվականին ՀՀ պետբյուջեից կտրամադրվի 179.6 մլն դրամ: Նշված գումարից ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է 10 մլն դրամ, հասարակական կազմակերպությունների համար` 100 մլն, կուսակցությունների համար` 69.6 մլն: Նշենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ֆինանսական աջակցություն է հատկացվում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: Այսպիսով, պետբյուջեից ֆինանսական օժանդակություն, բացի խորհրդարանական 5 ուժերից, կստանան նաեւ Միավորված աշխատանքային կուսակցությունը, որը վերջին խորհրդարանական ընտրություններում ստացել էր 4.39 տոկոս, «Ազգային միաբանություն»-ը` 3.69 տոկոս եւ «Նոր ժամանակներ»-ը` 3.48 տոկոս: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով պետական բյուջեից յուրաքանչյուր կուսակցությանը հատկացվող միջոցների չափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի եւ Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ այդ կուսակցության ընտրական ցուցակի օգտին կողմ քվեարկած ձայների ընդհանուր թվի արտադրյալից: Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջեւ բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ: Ի դեպ, 2008 թ. բյուջեով եւս քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին պետական աջակցության գումարը կազմել է 179.6 մլն դրամ:

No comments: