Saturday, January 10, 2009

Այսօր լրանում է Ս.Փարաջանովի 85-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է հանրահայտ կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85-ամյակը, ինչի առթիվ Կոմիտասի անվան այգու պանթեոնում շիրմաքարի մոտ հավաքվել էին ՀՀ մշակույթի գործիչներ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ այլք: Հարգանքի տուրք մատուցելով անվանի կինոռեժիսորի հիշատակին՝ արվեստագետները վերստին գնահատանքի խոսքեր հնչեցրեցին հայ եւ համաշխարհային մշակույթում նրա վաստակի ու գործի մասին: ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը նշեց, որ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի է արդիականանում եւ գնաhատվում փարաջանովյան արվեստը: «Նրա գործերի մասին խոսում են ոչ միայն հայերը, այլեւ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Իր գործով Փարաջանովը ստիպում է մարդկանց մտորել, խորհրդածել ազնիվի, ճշմարիտի մասին»,- ասաց նա: Նախարարի տեղեկացմամբ, տարին հագեցած կլինի զանազան միջոցառումներով, որտեղ բազմածավալ ու բազմաբովանդակ Փարաջանովը կներկայացվի նաեւ այն երկրներում, որտեղ դեռեւս նրա արվեստին ծանոթ չեն: Բեմադրիչ, ռեժիսոր Վահե Շահվերդյանի բնորոշմամբ, եթե կան տաղանադավոր եւ շատ տաղանդավոր արվեստագետներ, ապա Փարաջանովը վերջիններից է: Արվեստագետի հետ նրա բարեկամությունը սկսվել է Վանաձորում իր բեմադրած ներկայացման պրեմիերայից հետո: «Եթե արվեստում ինչ- որ բանի հասել եմ, դա նաեւ Փարաջանովի խորհուրդների եւ դիտողությունների շնորհիվ է»,- ասաց նա: Վ.Շահվերդյանի հուշերով, Փարաջանովն ապրում էր աննորմալ կենցաղով, նրա տան պատուհանները նույնիսկ ապակիներ չունեին: Կոտեմեսխի 7 հասեցում գնտվող նրա թբիլիսյան բնակարանը շրջապատված էր քրդերի եւ եզդիների տներով: Հյուրասեր էր, շատ հյուրեր էր ունենում, երեխայի նման հրճվում էր ամեն գեղեցիկ բանի համար, եւ նույնքան ցավ էր ապրում գեղեցիկ արտաքինով, բայց դատարկ մարդկանց հանդիպելիս: «Նա այն մարդն էր, որ ինչ մտածում, ասում էր: Ինքն իր բերանով ասում էր, որ բանտ է նստել Ստալինի, Բրեժնեւի, Խրուշչովի ժամանակ, ու էլի կնստեր, որովհետեւ Փարաջանովի նման մարդիկ երբեք չեն կարող դեմ գնալ իրենց խղճին, ասում են ճշմարտությունը՝ հոգ չտանելով, թե դիմացն ով է կանգնած»,- ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Արվեստագետի ծննդյան կապակցությամբ այսօր միջոցառումներ են կազմակերպվել Կիեւում ու Մոսկվայում: Զ.Սարգսյանի կարծիքով, Փարաջանովն այն մարդն է, ում միջոցով կարելի է ներկայանալ Եվրոպայում, Ամերիկայում, նույնիսկ Թուրքիայում կարելի է ներկայացնել նրա գործերը: Այժմ միջոցառումներով հանդես գալու հրավերներ են ստացել Սլովակիայից եւ Սերբիայից: Տուն-թանգարանում ռԵժիսորի ծննդյան օրն ամեն անգամ հյուրասիրություն է կազմակերպվում: Այսօր ցուցադրության հանվեց նաեւ Փարաջանովի հարցազրույցը` տրված Ջոն Հոլովեյին` 1988-ին, Մյունխենում (նշենք, որ Հոլովեյը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրը լինելով` արդեն իսկ արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակին): Հեռուստաֆիլմում Փարաջանովը խոսում է իր ուսանողական տարիներից, ռեժիսորներ Սավչենկոյի, Դովժենկոյի մասին: Ֆիլմն առաջին անգամ դիտող Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն նկատեց, թե որքան «բաց» էր Փարաջանովը տարբեր ժողովուրդների մշակույթների հանդեպ: «Նա հասկացել էր, որ Թիֆլիսն էլ մի աշխարհ է, որ կրկնում է աշխարհը, իսկ այնտեղ ապրող մարդիկ փորձում են իրար հետ լեզու գտնել արվեստի միջոցով: Փարաջանով նշանակում է պետք է ծառայել միմիայն արվեստին»,- ավելացրեց նա: Փարաջանովի անվան տուն-թանգարանը գործում է 1991 թվականի ամռանից, հավաքածուում կան 1450 նմուշներ, որից մշտական ցուցադրության մեջ հաջորդաբար ներկայացվում է մոտ 800-ը: Գործունեության 18 տարիների ընթացքում թանգարանն ունեցել է 60 արտագնա ցուցահանդեսներ: Թեպետ այս տարի թանգարանն ունեցել է քիչ՝ 11 հազար այցելու, սակայն անցած տարի Կիեւում փարաջանովյան ցուցահանդեսը միայն 1,5 ամսվա ընթացքում ունեցել է 42 հազար այցելու: Թանգարանն այսօր խնդիրներ գրեթե չունի, մնում է միայն բարեխղճորեն աշխատել, կարծում է տնօրենը:

No comments: