Wednesday, January 14, 2009

ԱՄՆ-ՎՐԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հարավային Կովկասում «եղանակը» փոփոխվելու միտումներ է դրսեւորո՞ւմ Azg. 14-1-2009-Հունվարի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Վաշինգտոնում ստորագրեցին ԱՄՆ եւ Վրաստանի ռազմավարական համագործակցության հռչակագիրը, որ չնայած ունի դեկլարատիվ բնույթ, բայց կողմերի համագործակցության ու հարաբերությունների առումով նոր որակական իրողություն է: Փաստաթուղթը ստորագրելիս ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է կրկին, որ Միացյալ Նահանգները աջակցել եւ շարունակում է աջակցությունը Վրաստանի ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ երկրի եվրատլանտյան ձգտմանը: Բնականաբար, տեղի ունեցածի վրացական մեկնաբանությունը պատմականության բնույթ ունի, ու չնայած համաձայնեցվել էր ԱՄՆ հանրապետական ղեկավարության հետ, Վրաստանի արտգործնախարարի խոսքերով, համաձայնեցված է նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Առավել հետաքրքրական է, որ հերթական անգամ իր յուրօրինակ կարծիքն է հայտնել այս առնչությամբ եւս ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, նշելով, որ հռչակագիրն անվտանգության երաշխիք չէ, այդպիսին կլինի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այդ մասին նշվում է նաեւ փաստաթղթում այն ընդգծմամբ, որ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի խորացումը երկու երկրների համար ընդհանուր առաջնահերթություն է, ինչի առնչությամբ էլ ստորագրած կողմերը նախատեսում են համագործակցության ընդլայնված ծրագիր անվտանգության ոլորտում, որի նպատակը կլինի Վրաստանի հնարավորությունների ուժեղացումն ու նախապատրաստումը ՆԱՏՕ-ին անդամակցելու: Ներկա Ռուսաստան-Ուկրաինա ու այդպիսով դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման խնդիրների ֆոնին առավել կարեւորվում է այն կետը, որ վերաբերում է էներգետիկ անվտանգության ու տնտեսական համագործակցության հարցերին: Ի մասնավորի, ԱՄՆ-ը եւ Վրաստանը մտադրված են ուսումնասիրել ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման ու նոր հարավային միջանցքի ստեղծման հնարավորությունները: Հարավային միջանցքն էլ, բնականաբար, վերաբերում է Վրաստանի եւ Եվրոպայի համար Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից բնական գազի տարանցմանը: Վրացական տարբեր քաղաքական ուժեր հիմնականում ողջունել են հռչակագրի ստորագրումը, ընդգծելով, որ այն կարող էր իրականացվել ավելի թափանցիկ ու առանց ավելորդ իրարանցման: Սակայն որոշ քաղաքական ընդդիմադիր ուժեր, մասնավորապես միասնական ընդդիմությունը, գտնում են, որ այդ փաստաթուղթը, որ ստորագրվել է հին վարչակազմի հետ, հետեւանքներ չի ունենա նոր վարչակազմի դեպքում: Ընդհանրական է այն մոտեցումը, որ փաստաթղթի ստորագրումը բնավ էլ անվտանգության երաշխիքներ չի ապահովում, ինչպիսիք, թերեւս, ցանկալի կլիներ ստանալ Վրաստանի ներկայիս իշխանությունների համար: Մյուս կողմից, նման փաստաթղթի ստորագրումը Վրաստանը կարող է դարձնել երկու գերտերությունների ագրեսիվ մոտեցումների էպիկենտրոն: 4 բաժնից բաղկացած փաստաթղթի առանձին բաժնում բավականին ծավալուն ներկայացվել է հենց համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում: Միեւնույն ժամանակ, հիմնական մտահոգությունն ու սպասելիքը, թե ԱՄՆ-Վրաստան հռչակագիրը կարող է պարունակել ռազմական ամերիկյան բազաների տեղակայում Վրաստանի տարածքում, ըստ վրացական կողմի, չի համապատասխանում իրականությանը: 2009 թվականը կարծես խոստանում է առատ լինել իրադարձություններով, որոնք կարող են որոշակիորեն եւ նշանակալի փոխել տարածաշրջանում իրավիճակն ու խաղացողների մոտեցումները: Ամեն դեպքում, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության, փաստաթղթի դեկլարատիվ ու ոչ դեկլարատիվ նշանակություններից դուրս, ակնհայտ քայլ է մեկ այլ գերտերությանը` Ռուսաստանին հասկացնելու, որ ամերիկյան շահերը Հարավային Կովկասում չեն փոխվել ու դեռ գազի հոսքերի ապահովման համար գոնե կլինեն մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ անգամ մեր ու հարեւանների ներքաղաքական կյանքի բաղկացուցիչը: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: