Monday, January 5, 2009

Հայաստանում կկառուցվի նոր էներգաբլոկ

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի մշակման համար հիմք են ընդունվել ,«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 1296-Ն որոշման դրույթները: Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաեւ «Ատոմակայանի նոր բլոկի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության» մրցութային փաթեթին, ինչպես նաեւ հաստատվել է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին` մրցույթի մասին հայտարարությունը գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո 15-օրյա ժամկետում պաշտոնական հայտարարություն անել միջազգային մրցույթի անցկացման մասին: Հանձնարարվել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին` կայացած մրցույթի արդյունքների հիման վրա ներկայացված ֆինանսական հայտի համաձայն, ՀՀ 2009թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ:

No comments: