Sunday, January 11, 2009

Հայկական սփյուռքի երիտասարդությունն ուղիներ է առաջարկում պատմական հայրենիքում առկա խնդիրների լուծման համար

HayInfo. 10-1-2009- Արտերկրի հայ երիտասարդները մտահոգված են պատմական հայրենքում առկա խնդիրներով։ Հենց այդ հարցն էր առանցքային ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ սփյուռքահայ երիտասարդների հետ դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած և Հայաստանում սովորող ուսանողներին, ամենից առաջ, շատ է անհանգստացնում իրենց նկատմամբ համակուրսեցիների և անգամ երբեմն էլ դասախոսների վերաբերմունքը։ Այսպես, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Ազատուհի Սիմոնյանը պատմեց այն մասին, որ տեղացի և սփյուռքահայ ուսանողների միջև տարբերություն է դրվում, ինչը հաճախ արտահայտվում է բավականին վիրավորական ձևով։ Միաժամանակ, ըստ նրա, այդ տարբերությունը հասկանալ են տալիս նաև որոշ դասախոսներ, ովքեր ուսանողներին բաժանում են «մերոնց և ոչ մերոնց»։ «Դա մեզ ցավ ու հիասթափություն է պատճառում»,- նշեց նա։ Այս երիտասարդներն այն հայերի հետնորդներն են, ովքեր դառը ճակատագրի կամոք լքել են իրենց հարազատ հողը։ Օտարության մեջ ծնված՝ նրանք ողջ ուժով ձգտում են չկտրվել հայրենի արմատներից և իրենց պատմական հայրենիքում կրթություն ստանալով՝ ծառայել հայրենքին ուժերի և ընդունակությունների չափով։ Հայկական սփյուռքի ուսանողների ճնշող մեծամասնությունը Հայաստան սովորելու է եկել առանց ծնողների, մինչդեռ ցանկացած երիտասարդի համար շատ կարևոր է հարազատների աջակցությունն ու ներկայությունը՝ հատկապես ավանդական տոների ժամանակ։ Այս կապակցությամբ Սիմոնյանն առաջարկեց պետական մակարդակով ընդունել օրենք, որը թույլ կտա Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներին ժամկետից շուտ հանձնել ձմեռային քննաշրջանի քննությունները, որպեսզի հնարավորություն ունենան Ծննդյան տոներն իրենց ընտանիքների հետ անցկացնել։ Արտերկրի հայրենակիցների այլ խնդիրների թվում նշվեց դասագրքերի պակասը հայերեն լեզվով։ Տվյալ խնդրի լուծման համար ուսանողները հաճախ ստիպված են լինում գումար հավաքել՝ գրականության մի քանի աղբյուրներից գոնե մեկը հայերեն լեզվով թարգմանելու համար։ Վրաստանից ժամանած, Վ.Բրյուսովի անվան ՊԼՀ ուսանողուհի Սվետլանա Սիմոնյանն առաջարկել է այն բուհերում, որտեղ գործում է գնահատման կրեդիտային համակարգ, սփյուռքի լավ սովորող ուսանողներին թույլ տալ սովորել պետպատվերի շրջանակներում կամ նրանց ուսման վճարի զեղչեր տրամադրել։ Քննարկումների ընթացքում առաջարկվեց նաև ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի ոչ միայն հայոց լեզվի և գրականության ուսուցմամբ, այնև պատանի հայրենակիցներին Հայաստանի տեսարժան վայրերին, նրա պատմությանը ծանոթացնելով, որպեսզի սփյուռքի երիտասարդությունը ավելի լավ տեղեկացված լինի հայրենի հողի մասին և կարողանա իր անմիջական ներդրումն ունենալ նրա բարգավաճման գործում։ Արտերկրի հայրենակիցների խնդիրների լուծման համար առաջարկվեց ստեղծել հայկական սփյուռքի երիտասարդության հետ աշախատանքներ տանող համակարգող մարմին։ Առանձնապես արդիական է աշխարհի հայ համայնքներում հայ ինքնության պահպանման հարցը։ Այդ կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը նախատեսում է իրականացնել ոչ թե «հայերի՝ հայրենիք վերադարձի ծրագիր, այլ իրենց պատմական արմատներին վերադառնալու ծրագիր նրանց համար, ովքեր հեռացել են իրենց պատմությունից, երկրից, հայրենիքից»։ Ըստ նրա, նախարարության կողմից առաջարկվել է «Վերադարձիր տուն» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ հայրենակիցներին՝ այցելել Հայաստան և ապրել հայկական ընտանիքներում։ Հակոբյանը կարծում է, որ տվյալ ծրագրի միջոցով հնարավոր կլինի հայ երիտասարդներին «վիրտուալ հայրենիքից» վերադարձնել «իրական» հայրենիք։ Օլեգ Բառնաշով, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից

No comments: