Sunday, January 11, 2009

Մեթյու Բրայզա. «Առաջիկա բանակցությունների հիմնական թեման դարձյալ կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները»

ԲԱՔՈՒ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան լրագրողներին հայտարարել Է, թե հույս ունի, որ « ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան առաջիկա այցը հող կստեղծի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման համար»: «Այցի ընթացքում մենք ծրագրում ենք հանդիպել երկու երկրների նախագահների ու արտգործնախարարների հետ: Բանակցությունների հիմնական թեման դարձյալ կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Կարծում եմ, որ այդ հարցում անհրաժեշտ են որոշ ճշտումներ ու փոխհամաձայնություն: Հուսով եմ, որ առաջին կիսամյակում մեզ կհաջողվի ինչ-ինչ համաձայնությունների հասնել»,- ասել Է Բրայզան: Նա նաեւ նշել Է, որ առայժմ չի կարող հայտնել համանախագահների տարածաշրջան ժամանելու ճշգրիտ ամսաթիվը, հավելելով, որ «այդ հարցը քննարկվում Է եւ կախված Է իմ գործընկերների աշխատանքային ժամանակացույցից»: «Բայց կարող եմ վստահաբար ասել, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- ասել Է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

No comments: