Wednesday, January 14, 2009

ՀՈՎԻԿ ԱՐԳԱՄԻՉԻ ՅԱԼՎԱՐԱԳԻՐՆ ԱՌ ԵՎՐՈՊԱ

Lragir .13-1-2009- Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թախանձագին նամակը, որ նա ուղղել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին, անշուշտ կարելի է դասել քաղաքականության մեջ գրված ամենահուզիչ թղթերի շարքին: “Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել նախագծի չափազանց վնասաբեր էությանը, որը, ընդունվելու պարագայում, էականորեն կվտանգի Հայաստանի ներքին կայությունը եւ, միջամտելով դատական գործընթացին, հիմնովին կվնասի պետության կառույցների ամբողջականությունը, որը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Ոչ պակաս կարեւոր է, որ առաջարկվող պատժամիջոցը չափազանցված է, անհամաչափ եւ չի համապատասխանում խորհրդաժողովի նախկին գործելակերպին: Այն կհանդիսանա երկակի ստանդարտների կիրառման դեպք, եւ կհակասի ԵԽԽՎ-ի շրջանակներում համագործակցության եւ երկխոսության խթանմանն ուղղված մեր հավաքական ջանքերին... Այն լրացուցիչ եւ լուրջ ճնշում կհանդիսանա երկրի տնտեսության վրա` նվազեցնելով օտարերկրյա ներդրողների վստահությունը, որն անարդար է հատկապես շրջափակված պետության հանդեպ, հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում”, գրում է Հովիկ Աբրահամյանը: Փաստացի, Հովիկ Աբրահամյանը ոչ միայն եվրոպացիներին խնդրում է, որ Հայաստանին ձայնից չզրկեն, այլ նաեւ դաս է տալիս, սովորեցնելով, թե ինչը կհանդիսանա երկակի ստանդարտի կիրառում: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը, անգամ ԵԽԽՎ-ում ձայնից զրկվելու հեռանկարի պարագայում, փորձում է ոչ թե վերանայել սեփական մոտեցումները երկրի ներքին կյանքի կազմակերպման եւ արտաքին գործընկերների հետ հարաբերության հարցերում, այլ իր ունեցած մոտեցումներով ձգտում է պարզապես համոզել, ինչ որ տեղ էլ նաեւ շանտաժել ԵԽ երկրներին, թե այդօրինակ պատժամիջոցով կվնասեն Հայաստանի ներքին կայունությունը: Իսկ միգուցե արժե, որ իշխանությունը անցնի նաեւ գործնական քայլերի: Ասենք կարելի է միտինգներ կազմակերպել Երեւանում, որոնք դեմ են արտահայտվում Եվրոպայի Խորհրդին: Դրա համար իշխանությունն ունի թե միտք` ի դեմս Գալուստ Սահակյանի, թե փող, թե ուժ, թե էստրադային աստղեր, որոնք կերգեն հայրենասիրական երգեր, օրինակ “Առաջ, առաջ Հայաստան” կամ “Մի կողմ քաշվիր, Եվրոպա”: Հետո Հայաստանի իշխանությունն ինքն իր ոստիկանությամբ կցրի իր իսկ կազմակերպած հակաեվրոպական ցույցերը, կձերբակալի ասենք Գալուստ Սահակյանին, որպես հրահրիչ, գաղափարախոս կամ կազմակերպիչ, նրա գրպանը գցելով ասենք օբսիդիանից պատրաստված մի քանի փոքր լուսնամահիկներ, որպես հասարակությանը հոգեխանգարմունքի հասցրած հմայիլներ, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանը երկրորդ անգամ նամակ կգրի ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին ու կասի` “տեսաք, բա որ ասում էի կխախտեք ներքին կայունությունը ու կավելացնեք քաղբանտարկյալների թիվը, ոչ թե կպակասացնեք”: Եվրոպան կհասկանա, թե ինչ անհեռատես պատժամիջոց է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը եւ դեմ կքվեարկի դրան, որպեսզի էլ ավելի չբարդացնի իր իսկ վիճակը եւ չընկնի Հայաստանը վերստին կայունացնելու գլխացավի տակ:Իրականում սակայն Հովիկ Աբրահամյանի նամակը մեկ այլ բան եւս վկայում է: Չնայած ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունն իր “կաշին” մտադիր չէ փոխել, այդուհանդերձ տեսանելի է, որ իսկապես կա ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկված լինելու անհանգստություն: Հակառակ պարագայում Հովիկ Աբրահամյանը նման աղեկտուր նամակ չէր գրի եւ չէր նվաստանա եվրոպացիների առաջ: Ավելին, նա այդ նամակով չէր նվաստանա Հայաստանի իշխանական համակարգի առաջ: Չէ որ համակարգի ներկայացուցիչներն էլ մամուլում կարդում են նամակի պատառիկները եւ տեսնում, թե ինչքան է վիճակը վատ, որ հայկական իշխանական համակարգի հեղինակություններից մեկը` Հովիկ Արգամիչը, այդօրինակ խնդրագիր է ուղղում ինչ որ ԵԽԽՎ անդամ պետությունների ինչ որ խորհրդարանների ինչ որ նախագահների, որոնք իրենց ամբողջ կյանքում ասենք երեւի թե ոչ միայն 1000 դոլարանոց շամպայն, այլ նույնիսկ 1000 դրամանոց հյութ էլ խմած չկան: Հետեւաբար, Հովիկ Աբրահամյանն իր այդ նամակով կարող է բավական հեղինակազրկվել սեփական համակարգի առաջ: Աբրահամյանը չէր կարող չգիտակցել դա: Իսկ եթե այդուհանդերձ նա գնացել է նամակի քայլին, ուրեմն պատկերացնել կարելի է, թե Հայաստանի ղեկավարությունն իրապես որքան է անհանգստացած ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարից, որ պատրաստ է այդ հեռանկարը կանխել անգամ սեփական համակարգում հեղինակազրկվելու գնով: Չէ որ մի գեղեցիկ օր կարող է պատահել, որ այդ համակարգի մի որեւէ ներկայացուցիչ, կամ ներկայացուցիչների մի որեւէ խումբ, Հովիկ Աբրահամյանին հիշեցնեն` “միթե այդ դու չէիր, որ ընկել էիր եվրոպացիների ոտքերը ու համոզում էիր, որ մեզ չզրկեն ձայնից”: Ինչ է պատասխանելու Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ: Գուցե կասի, թե խնդրել է ոչ միայն իր, այլ ամբողջ համակարգի համար: Իսկ ինչ կասի Եվրոպան: Դա պակաս կարեւոր չէ: Որովհետեւ Եվրոպայի խոսքից է կախված նաեւ, թե ինչ կհիշեցնեն Հովիկ Աբրահամյանին Հայաստանում եւ ինչ կպատասխանի նա այդ հիշեցումներին, կամ գուցե նույնիսկ հիշոցներին: Եվրոպան կամ տեղի կտա աբրահամյանական շանտաժին, որ կարծես թե սահակյանական շանտաժի քաղաքակիրթ, կնիքով ձեւակերպված տարբերակ է հիշեցնում, կամ կցուցաբերի հետեւողականության հազվադեպ օրինակներից մեկը: Այստեղ իհարկե ձայնից զրկել-չզրկելն էականը չէ, էականն այն է, թե որքան հաստատակամ կլինի Եվրոպան, որ հասնի Հայաստանում որեւէ փոփոխության: Դա կարող է լինել միայն արդյունք, ոչ թե ձայնից զրկելը կամ չզրկելը: Ձայնի խնդիրն ընդամենը միջոց է, որ Եվրոպան պետք է օգտագործի Հայաստանում իրավիճակը դեպի ազատականություն եւ ազատություն փոխելու համար: Պարզապես Եվրոպան պետք է տուրք տա Հայաստանում իրավիճակի իրական փոփոխությանը, ոչ թե ժամանակ տա հերթական անգամ: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանի իշխանությունն ունի ժամանակի արժեքի մասին ուրույն գիտակցում, ժամանակի ուրույն ընկալում, ինչը բացարձակապես չի ծառայում այն նպատակներին, որ դրված են եվրոպական արժեհամակարգ կոչվածի հիմքում:ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: