«Ազգ». 24.1.2009- Թուրքական կառավարությունը ստամբուլահայ համայնքին հրավիրել է մասնակցելու «Ստամբուլ: Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը» խորագրով տոնակատարություններին, որոնք պետք է անցկացվեն 2010 թվականին:
Ստամբուլի պատրիարքարանի նախաձեռնությամբ արդեն իսկ ստեղծվել է կազմակերպիչ մի կոմիտե, որը պետք է համակարգի տարբեր միջոցառումները: Դեկտեմբերի 2-ին կոմիտեի անդամները, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի դեկտեմբերի 27-ի համարի տեղեկատվության, հավաքվել են քննարկելու միջոցառումների հնարավոր առաջարկները:
Կազմկոմիտեի նախագահ Նազար Բույումն իր խոսքում շեշտադրել է, որ Ստամբուլը բազմամշակույթ քաղաք է եղել եւ տարբեր ազգությունների նվաճումները անջնջելի հետք են թողել քաղաքի պատմության մեջ: «Այդ պատճառով էլ, ասել է նա, անհրաժեշտ է, որ մեր համայնքը ներկայանա պատշաճ մակարդակով եւ ցույց տա, թե ինչ ներդրումներ ենք մենք կատարել անցյալում եւ ներկայում: Մեր մշակույթը խոր արմատներ ունի այստեղ, որոնց մի մասը մոռացության է մատնված: Մենք պարտավոր ենք երեւան հանել այդ բոլորը: Բայց նաեւ պարտավոր ենք նոր գաղափարներով հանդես գալ, որպեսզի մեր ինքնությունը հզորացնենք»:
Հավելյալ մանրամասնությունների համար կարելի է այցելել www.istanbul2010.org կայքը:
Saturday, January 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment