Saturday, January 24, 2009

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Դա ստորագրել են ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հրեական 5 կազմակերպությունների ղեկավարները «Ազգ». 24.1.2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելիս վերջինին մեղադրել էր «մարդկության դեմ հանցագործություն կատարելու» մեջ: Արձագանքելով մեղադրանքին, Իսրայելի փոխարտգործնախարար Մաջալի Վհբին սպառնացել էր նրան. «Ինչ է, մենք էլ որպես «ցեղասպանությո՞ւն» բնութագրենք Թուրքիայում հայերի հետ կատարվածը»: Այդ ընթացքում անգլիական «Ֆայնենշլ թայմսը» զգուշացրել էր, որ Էրդողանի հայտարարությունների պատճառով Թուրքիան կզրկվի ԱՄՆ-ի հրեական լոբբիների աջակցությունից, վերջիններս կանխելու փոխարեն աչք կփակեն Հայոց ցեղասպանության բանաձեւերի վրա, այսպիսով Անկարան կկանգնի փաստի առջեւ: «Ազգը» հունվարի 21-ի համարում անդրադարձել էր վարչապետ Էրդողանի «հակաիսրայելական» հայտարարություններին: Թուրքական «Միլիեթ» թերթն էլ հունվարի 23-ին անդրադառնում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հրեական 5 կազմակերպությունների վրդովմունքին, Էրդողանին նրանց հղած բաց նամակին եւ Թուրքիայում ծավալվող «հակահրեականի» բնույթ ստացած «հակաիսրայելական» դրսեւորումներին: Նամակը ստորագրել են Ամերիկայի հրեական կոմիտեի` AJC-ի համակարգող Իսաակսոնը, «Բնայ բրիտի» ղեկավար Մարիաշինը, Հակավարկաբեկման լիգայի` ADL-ի հրաժարյալ նախագահ Ֆոքսմանը, Ամերիկայի հրեական գլխավոր կազմակերպություններ համագումարի` CPMAJO-ի գործադիր խորհրդի նախագահ Հոնլեյնը, Ազգային անվտանգության գործերի հրեական ինստիտուտի` JINSA-ի ղեկավար Նյումանը: Ահա թե ինչ է գրած նամակում. «Հարգարժան վարչապետ Էրդողան, Ձեզ գրում ենք վերջին օրերին Թուրքիայում հետզհետե ծավալվող հակահրեական ելույթների պատճառած խոր մտահոգությունից: Իսրայելի հյուպատոսարանի առջեւ հրեաների նկատմամբ ատելության հեղեղ է: Ստամբուլում ամենուրեք հնչում են հակահրեական կարգախոսներ: Համալսարանից ոչ հեռու գտնվող խանութի ցուցափեղկին կպցված է «Տերը հրեա է, առեւտուր չանել» մակագրությամբ պաստառ: Իզմիրի միակ սինագոգը հարձակման ենթարկվելու պատճառով փակվելու շեմին է: Չենք ընդունում Գազայի հարցում Ձեր կառավարության որդեգրած քաղաքականությունն ու այն կոշտ հայտարարությունները, որոնք վերջին շրջանում Դուք եք արել: Հավատացած ենք, որ բախումների պատասխանատուն «Համասն» է, իսկ Իսրայելը պարտադրված օգտվել է ինքնապաշտպանության իրավունքից: Ինչ էլ որ լինի, տարաձայնությունները չեն կարող լինել «հակասեմականության» դրսեւորումների արդարացումը Թուրքիայում կամ մեկ այլ երկրում: Ակնհայտ է երկրում ծավալվող «հակասեմականության» առնչությունը պաշտոնական շրջանակների մթնոլորտը շիկացնող արտահայտությունների հետ: Գիտակցում ենք տարածաշրջանում Թուրքիայի դերի կարեւորությունը: Կարեւոր նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ խոր արմատներ ունեցող բարեկամությանը եւ Ձեր կառավարության հետ մեր հարաբերություններին: Ելնելով «հակասեմականությունը» մարդկության դեմ հանցագործություն համարելու Ձեր նախկին դիրքորոշումից, խոր մտահոգություն ենք հայտնում եւ ի գիտություն Ձեզ ենք ներկայացնում այս տհաճ զարգացումները»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: