Wednesday, January 28, 2009

«ԿԱ՛Մ ՋԱՎԱԽՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂ, ԿԱ՛Մ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

«Ազգ»- 28.1.2009- Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Ախալցխայում տեղի ունեցած 2 հայ երիտասարդների` Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությանն ու Հայաստանի իշխանությունների կողմից տարվելիք գործընթացներին երեկ «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձան «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու ԵՊՀ-ի հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը : Շիրակ Թորոսյանը Վրաստանից վերադարձել է 2 օր առաջ, իր խոսքերով` հետեւել է գործընթացին եւ ճշտել մանրամասները: «Ձերբակալվել են լրտեսության մեղադրանքով: Ո՞ւմ օգտին էին լրտեսում այդ մարդիկ, որտե՞ղ է նրանց ռազմականացված կազմակերպությունը: Որտե՞ղ է նրանց զինանոցն ու վերջապես որտե՞ղ են փաստերը, որոնց հիման վրա նրանց ձերբակալել են: Փաստեր չկան: Սակայն նպատակը մեկն է` որպեսզի Ախալքալաքում գլխատվի հայերի նախաձեռնած հասարակական գործունեությունը, որպեսզի խորանա վախի ու սարսափի մթնոլորտը», նկատում է Շիրակ Թորոսյանը: Ավելին պարզաբանել Թորոսյանին չի հաջողվել, որովհետեւ տեղեկատվություն չի տարածվում ձերբակալությունների պատճառների ու հիմնավորումների վերաբերյալ: Հայտնի է միայն, որ դատարանը 2 ամիս ժամկետով նախնական կալանքի որոշում է կայացրել: Հայկազուն Ալվրցյանն էլ խորհուրդ տվեց կատարվածը լավ ըմբռնելու համար վերհիշել վերջին ժամանակաշրջանում Ջավախքում գործող հասարակական-մշակութային կազմակերպությունների խորհրդի աշխատաոճը: Ըստ նրա, այդ կոմիտեն շատ ճիշտ սկզբունքներով էր աշխատում` համապատասխանելով սահմանադրության տառին ու ոգուն: Սա վրացական իշխանությունների լրջորեն մշակած քայլն է: Թբիլիսիից գալիս են ոստիկանության հակահետախուզության բաժնի աշխատակիցներ, հետեւաբար քաղաքական հարցն ուզում են քրեականացնել»: Հայկազուն Ալվրցյանը նշում է, որ դրան նպաստեց նաեւ վերջին ժամանակահատվածում հայ-վրացական կրքերի շիկացումը` կապված հայկական եկեղեցիների եւ գերեզմանների հետ: Պատմաբանը նկատում է, որ իշխանությունը խորամանկ քայլ է կատարում` ընդդիմության ու ժողովրդի ուշադրությունն ուղղորդելու Ջավախքի խնդրի վրա, որպեսզի որոշակի ժամանակահատվածով մոռացության մատնվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պրոբլեմը: Այս դեպքում գլխավոր հարցն, ըստ հայագետի, համապատասխան հակահարված մշակելն է: Եթե «Երկիր» հայրենակցական միության նախագահ Սեւակ Արծրունին նախօրեին վստահեցնում էր, որ խնդիրը չպետք է լուծվի Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների մակարդակով, հարցի կարգավորմամբ ավելի շատ պետք է մտահոգություն հայտնեն սփյուռքում տեղակայված միջազգային կազմակերպություններն ու ավանդական կուսակցությունները, ապա Շիրակ Թորոսյանը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ու հատկապես ԱԳՆ-ն եւ սփյուռքի նախարարությունները բազմաթիվ անելիքներ ունեն: Թորոսյանը զրուցել է իշխանությունների ներկայացուցիչների հետ, եկել են ընդհանուր հայտարարի, սակայն դեռեւս որեւէ գործընթաց չի իրականացվել: «Ջավախահայության խնդիրները պետք է դառնան հայ-վրացական միջկառավարական հարաբերությունների օրակարգի առաջին հարցը: Արձագանքն ուշացել է: Առաջին հերթին պետք է արձագանքեին արտաքին գործերի նախարարությունն ու իշխանության բարձրագույն մարմինները: Ընդհանրապես Ջավախքի հիմնախնդիրների հետ կապված Հայաստանը պասսիվություն է ցուցաբերում: Հիմնականում նշում են, որ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապը պաշտպանում է միայն Վրաստանի շնորհիվ: Եթե Ջավախքում ակտիվություն ցուցաբերենք, վնասենք, վիրավորենք վրացիներին, ապա կվտանգենք մեր ճանապարհները: Մինչդեռ սա սխալ մոտեցում է»: ԱԺ պատգամավորը վստահ է, որ հայերն այդպես էլ լիարժեք չգիտեն Ջավախքի հիմնախնդիրների մասին: «Ջավախահայերը ցանկանում են օգտվել մարդկային տարրական իրավունքներից: Նրանք ցանկանում են խոսել մայրենի լեզվով, սակայն վրացական իշխանությունները սպառնում են, որ եթե ջավախահայերը խոսեն հայերեն` ապա աշխատանքի չեն ընդունի: Մինչդեռ նրանց չեն տրամադրում պայմաններ` վրացերեն ուսանելու համար»: Նա վստահ է, որ ուժեղ Ջավախքը կարող է դառնալ հայ-վրացական բարեկամությունների երաշխիքը: Թեպետ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ որոշվեց, որ Վրաստանից Հայաստանի սահմանը հատելու գործընթացը պետք է զբաղեցնի ընդամենը մի քանի րոպե, Թորոսյանը ներկայացրեց հակառակ իրավիճակը. «Իրողությունը սարսափելի է: 20 աստիճան ցրտի պայմաններում մարդիկ ստիպված են մի քանի ժամ կանգնել, որովհետեւ անցակետի համակարգիչը կախվել է, կամ այլ ավելի պարզ պատճառաբանություններ են հորինում, ինչի պատճառով արհեստական հերթեր են գոյանում: Երկու պետությունների միջեւ ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները պարբերաբար հանդիպում են, խնդիրներ քննարկում: Սակայն երբեւէ չի քննարկվել Ջավախքի հիմնախնդիրը: Կիսատ-պռատ պայմաններով Ջավախքի հարցը չի լուծվի: Միայն ուժեղ Ջավախքը կարող է լինել հայ-վրացական բարեկամությունը կամրջող օղակ: Հիմնախնդրի խորացմամբ ձեռք ենք բերում նաեւ հայ-վրացական հարաբերություններում անկում: Վրաստանին չի հաջողվի հայաթափել Ջավախքը: Այն Նախիջեւան չի դառնալու: Մնում է երկու ճանապարհ` կա՛մ Ջավախքը դառնում է Ղարաբաղ, կա՛մ Ջավախքի հարցերը լուծվում են հայ-վրացական համագործակցության պայմաններում», եզրափակեց Թորոսյանը: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: