Thursday, January 29, 2009

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո նորընտիր Պատրիարքին

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք ընտրվելու առիթով: «Մենք հոգեւոր բերկրանք ենք ապրում, քանզի մեր քույր Եկեղեցին Աստծո կամքով ընտրեց իր արժանի Հովվապետին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Աթոռի 16-րդ պատրիարքին: Զբաղեցնելով բարձր եւ պատասխանատու պաշտոններ, իրականացնելով հսկայական հոգեւոր եւ հասարակական գործունեություն` Դուք, իբրեւ հոգեւոր առաջնորդ` «նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. Բ 14), արժանացաք Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող ինչպես Ռուս Ուղղափառ, այնպես էլ քույր Եկեղեցիների միլիոնավոր հավատացյալների եւ եկեղեցականների սիրուն եւ հարգանքին», - մասնավորաբար ասվում է Հայրապետական ուղերձում: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ սերտ գործակցությամբ երկու Եկեղեցիները կշարունակեն բարի իրագործումներով հարստացնել դարավոր բարեկամությունը հանուն Եկեղեցիների պայծառության եւ ի մխիթարություն եւ բարօրություն երկու ժողովուրդների եւ երկրների: Անսասան Հովվապետական գավազան եւ կենաց արեւշատություն մաղթելով նորընտիր Պատրիարքին` Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալ Տիրոջից, որ նրա գահակալության տարիները վերածննդի մի նոր շրջան դառնան Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ բարեպաշտ հոտի համար:

No comments: