Monday, January 19, 2009

Աշխարհի մի շարք հեղինակավոր հեռուստաալիքներով այս տարվանից կհեռարձակվի «Հայաստան. Նոյան երկիր» վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի մի շարք հեղինակավոր հեռուստաալիքներով այս տարվանից նախատեսվում է հեռարձակել Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային զարգացման վարչության առաջատար մասնագետ Արթուր Լալայանը, Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու եւ զբոսաշրջիկների հոսքի ներգրավման նպատակով կինոնկարը կհեռարձակվի «National Geograthic HBO», իսպանական «TBS», «Discovery», «BBC», «France-5», «ԽՈվՈս+» հեռուստաալիքներով: Նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են, որոնք իրականացրել է «Buzz-Business» միջազգային կազմակերպությունը: Հիսուներկու րոպեանոց ֆիլմը կազմակերպության` 12 մասից բաղկացած «Escape» ֆիլմաշարի սերիաներից մեկն է, որը կոչվում է «Հայաստան. Նոյան երկիր»: Այստեղ ներկայացված է Հայաստանի պատմությունը, մշակույթը, զբոսաշրջության հնարավորությունները, առանձին մասերով` Երեւանը եւ Լեռնային Ղարաբաղը: Ա. Լալայանի տեղեկացմամբ, վերոնշյալ միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ նկարահանված ֆիլմի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 112 հազար 500 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ Հայաստանի զբոսաշրջությունը գովազդող հեռուստանախագծեր իրականացվում են դեռեւս 2006թ-ից. տեսահոլովակներ են հեռարձակվում «CNN» եւ «Euronews» հեռուստաալիքներով:

No comments: