Sunday, January 25, 2009

Իգոր Մուրադյան. «Եվրախորհրդում զարգացող իրադարձությունները մեզ չպետք է մտահոգեն»

«Ազատությոիւն»- 24-1-2009- Քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանի կարծիքով՝ Եվրախորհրդի հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող քննարկումները դասվում են կեղծ քաղաքականության ոլորտին: «Դա առնչություն չունի երկրի իմիջի, տնտեսական իրավիճակի, իշխանությունների հաստատունության, կամ քաղաքական ինստիտուտների կայացածության հետ», - շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերլուծաբանը: «Եվրախորհուրդը այն արենան չէ, որտեղ զարգացող իրադարձությունները պետք է մտահոգեն մեզ», - ասաց Մուրադյանը: - «Այդ մեռելածին կառույցում ընդամենը հարաբերություններ են պարզում եվրոպական երկրների քաղաքական` եւ այն էլ՝ իշխող էլիտաները, որոնց շահերը շատ հաճախ չեն համընկնում այդ կառույցի անդամ շատ երկրների ազգային ձգտումներին ու հետաքրքրություններին: Ուստի, եթե մենք չմասնակցենք ընդամենը խորհդատվական այդ կազմակերպությունում ընթացող պրոցեսներին, շատ բան չենք կորցնի», - համոզված է Իգոր Մուրադյանը: Ընդհանրապես, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ տասնամյակներ շարունակ այստեղ ոչ ոք լրջորեն չի զբաղվում արտաքին քաղաքականությամբ: Ավելի ճիշտ՝ դրանով զբաղվում է մարդկանց մի նեղ շրջանակ, որոնց պրոֆեսիոնալիզմին նա խիստ կասկածում է: «Նրանք ընդամենը, ներողություն արտահայտությանս, հարստացած աֆերիստներ են, որոնց վրա, անշուշտ, ավելի հեշտ է դրսից ազդեցություն ունենալ: Ու եթե նրանք չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ, ապա գոնե պետք է ունենային պրոֆեսիոնալ աշխատակազմեր: Դա նույնպես չկա, եւ որպես արդյունք՝ ԵԽԽՎ են ուղարկվում այդ հիմար նամակները, դրանից բխող հետեւանքներով», - ասաց Իգոր Մուրադյանը՝ ակնարկելով վերջերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից Եվրախորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին ուղղված նամակը, որտեղ, մամուլի հաղորդագրությունների համաձայն, տառասխալներ են եղել: Տիգրան Ավետիսյան

No comments: