Wednesday, January 28, 2009

ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ, ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿ

«Ազգ»- 28.1.2009- Այսօր մեծ տոն է` ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձը: Օր, երբ կարելի է խոսել արդեն մեր ազգային ազատագրական պայքարի ընթացքում ունեցած ձեռքբերումների, հաջողությունների մասին, որոնք անհրաժեշտ է փոխանցել եկող սերնդին: Մեր ժողովրդի հոգեւոր զարթոնքը, որն օծվեց ազգային-ազատագրական պայքարի մյուռոնով, անմահացրեց մեր սիրասուն զավակներից շատերի կյանքը կրակի մեջ, հանուն Արցախի, հանուն մեր հայրենի հողի ազատագրման: Այդ զարթոնքն էր, որ զտեց ու երես հանեց մեր հայրենիքի իսկական նվիրյալներին, որոնք մինչեւ ատամները զինված թշնամու հարձակումներին պատասխանեցին ինքնապաշտպանական ջոկատներում կռվող ազատամարտիկների ոգու ողջ արիությամբ: Ու մենք այսօր խոնարհվում ենք զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով պահեցին հայրենի հողը: Տարիներ են անցել: Այսօր էլ «Եռաբլուր» պանթեոն են գնում մեր որդեկորույս մայրերը, մեր գթասիրտ, տառապած մայրերը, քանզի ամեն րոպե, ամեն պահ նրանց հոգիներն իրենց զավակների հետ են խաղաղվում: Արցախյան գոյապայքարի ընթացքում կատարված բոլոր սխրագործությունները պետք է փոխանցվեն մատաղ սերնդին, ինչպես մեր պապերի սխրանքները փոխանցվել են մեզ: Մեր բանակն այսօր լիովին կատարում է իր առջեւ դրված խնդիրները: Մեծ որակով առաջընթաց ենք ապրել թե՛ հետպատերազմյան վերականգնողական շրջանում, թե՛ հատկապես 2000-ից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում: Բանակը հասարակության ամենազգայուն մասն է: Ուստի ժամանակակից բանակներին բարոյական բարձր, ոգեշնչված վիճակն ավելի անհրաժեշտ է, քան բոլոր նախորդներին: Չի կարող ուժեղ բարոյական ոգի լինել այնտեղ, որտեղ չկա վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Լավ զինված ու մարզված զինվորը, բնականաբար, ինչպես բարոյական, այնպես էլ ֆիզիկական տեսակետից կզգա իր առավելությունը վատ մարզված եւ վատ զինված հակառակորդի նկատմամբ: Ու այսօր հայ զինվորին ամենից առաջ պետք է համոզել, որ առանց անհրաժեշտության իր ազատությունը չի սահմանափակվի եւ ոտնահարվի: Ծառայությունը նրանից մեծ ճշմարտություն է պահանջում, եւ նա իրավունք ունի ակնկալելու հենց այդպիսի ճշտապահություն: Հայոց պետականաշինության թիվ մեկ օրակարգային հարցը շարունակում է մնալ պաշտպանական համակարգի ամրապնդումը: Համակարգ, որի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է: Զինվորին է վստահված իրականացնելու ամենավեհ առաքելությունը` հայրենիքի պաշտպանությունը: Եվ զինվորականին հենց այս հատկանիշներն են, որ վճռական պահերին օգնության են հասնում պատերազմի դաշտում` այնտեղ, որտեղ եւ ամենածայրահեղ պայմաններում այնքան ցայտուն կերպով ընդգծվում են բոլոր մարդկանց բոլոր որակները: Վերջերս հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի վերսկսման մասին շրջանառվող լուրերը լսելիս պետք է հիշել, որ ի վերջո պարտադրված պատերազմը ընդունել ենք պարզ ճակատով եւ շնորհիվ ազգային համախմբվածության դուրս ենք եկել միշտ պատվով: Ու բանակի մարտունակության բարձրացման ամենագլխավոր ու թերեւս անփոխարինելի գործոնը եղել ու մնում է ազնիվ գաղափարներով թրծված եւ իր ծառայողական ու մասնագիտական պարտականություններին լավագույնս տիրապետող զինվորը: Եթե փորձենք հետ գնալ հայոց պատմության հոլովույթի ընթացքով, ապա դժվար չէ համոզվել, որ հաղթանակները հայոց բազմադարյան գոյապայքարի մերօրյա թագուպսակն են: Հինավուրց Արցախի նորագույն ազատամարտը հայ զինվորի սխրանքի ու հերոսության դրվագներից է: Նվաճված հաղթանակների մղիչ ուժը եղել է իմացյալ մահով անմահանալու, ազգն ու երկիրն անմահացնելու պատրաստակամությունը: Եվ այս գիտակցությամբ առաջնորդվել են մեր ժողովրդի բոլոր շերտերը: Այս իսկ իմաստով էլ ղարաբաղյան ազատագրական պատերազմը հայ ժողովրդի միաբանության ու հավաքական կամքի պայծառ արտահայտությունն է: Այսօր մեր հայոց բանակի 17 գարուններն ապրած տոնն է: Առաջընթացը, որ ապրում ենք, նաեւ բանակում իրականացվող բարեփոխումներն են` միջոցառումներ, որոնք ամփոփելու են ձեռք բերված արժեքները, եւ որոնք խելացի կերպով իրականացնելու դեպքում անպայման իրենց նպաստը կբերեն ԶՈՒ զարգացման կատարելագործման գործին: Մեր միասնության ձգտումը, մեր բաղձանքներին տեր կանգնելը, մեր սերնդի հերոսությունը մեր հարատեւության ու նոր հաղթանակների գրավականն են: Մեր միասնության, իմաստնության, բռունցքվել կարողանալու եւ ինքնազոհության շնորհիվ միշտ ձեռք ենք բերել հաղթանակներ, իսկ անմիաբանության, հարստանալու տենչի, ամեն ինչ սեփական ես-ին ծառայեցնելու, պետականության կորստի, հզոր տերությունների շահերի բախման դեպքում, երբ մոռացել ենք մոտ ու հեռավոր անցյալի դասերը, մեր պարտականությունները, ունեցել ենք կորուստներ, անկումներ: Հազար փառք արցախյան ազգային-ազատագրական պայքարում զոհված մեր որդիներին... Փառք մեր որդեկորույս մայրերին, որոնք մեր նախամայրերից ժառանգել են հոգու արիություն, լույս ու լավատեսություն եւ քայլում են ազգի վերելքին համընթաց, դեպի հավերժություն: Եվ ինչպես մեր բանակի հրամանատարն է ասում. «Պահպանենք մեր բանակը ի երաշխիք մեր ազգի անվտանգության»: ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: