Wednesday, January 28, 2009

ԿՈԿՈՐԴԴ ՄԱՔՐԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ

ԵԽԽՎ-ում մեր ձայնի իրավունքը թողեցին` պահանջելով բանտարկյալների ազատում «Ազգ»- 28.1.2009- Եվրոպայի խորհուրդը չգնաց Հայաստանի պատվիրակությանը խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելու ճանապարհով, այլ նախընտրեց որոշ հանձնարարականներով ավելի ուշ ժամանակահատվածի տեղափոխել արդեն նոր հարցերի կատարման քննարկումը, մասնավորապես հիմնական շեշտադրումը թողնելով բանտարկյալներին առնչվող հարցերին: Դրանցից առաջնային ու կարեւոր դարձավ Հայաստանի քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներում այնպիսի օրենսդրական փոփոխությունների կատարումը, որոնք հնարավորություն կտան հնարավորինս ազատվելու այդ հոդվածների քաղաքական բաղկացուցիչներից ու խմբագրել շահարկման առիթ դարձող օրենսդրական դրույթները: Դեռեւս երեկ առավոտյան կրկին Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման առնչությամբ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցը, որն արդեն որոշ առաջարկված փոփոխություններով դարձավ վեհաժողովի քննարկման առարկան` դրան հետեւած քվեարկությամբ: Համազեկուցողները ներկայացրին, որ Հայաստան վերջին այցելության բոլոր հանդիպումներում ընդգծվել է քր. օր.-ի 225 եւ 300 հոդվածներով մտահոգության մասին, եւ իշխանությունների պատրաստակամությունը` ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում զբաղվելու այդ հոդվածների համապատասխան դրույթների փոփոխություններով: Հետաքրքրական է, որ Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին զեկույցի քվեարկությունից առաջ 27 ելույթի հերթագրություն կար, որից երկուսը դահլիճից բացակայում էին իրենց խոսքն արտահայտելու հերթի պահին: Մնացյալ 25-ից 4 ելույթ ներկայացրին Ռուսաստանի Դաշնության պատվիրակները, ընդգծելով, որ ձայնի իրավունքից զրկելը ծայրահեղ միջոց է ու տվյալ դեպքում ոչ կիրառական: Պատժամիջոցի կիրառումից հրաժարվելու համազեկուցողների մոտեցումը ողջունեցին նաեւ պատվիրակներ Նորվեգիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Բալթյան երկրներից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Հունաստանից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Առանձնահատուկ էր, որ որոշ դեպքերում պատվիրակներն իրենք նշեցին ԵԽ երկակի ստանդարտների մասին, հիշեցնելով, որ այլՙ ավելի վատթար վիճակներում չեն կայացվել ձայնի իրավունքից տարբեր երկրների պատվիրակություններին զրկելու որոշումներ: Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներն այնքան մտահոգ ներկայացան հայ ժողովրդին «բռնատիրությունից» ազատելու գաղափարով, ու այդ ֆոնին նրանց մշտական ու արդեն ձանձրացնելու աստիճան կրկնված արտահայտությունները «օկուպացված տարածքների, միլիոնավոր փախստականների» մասին ուղղակի անհեթեթ էին հնչում: Իսկ համեմատությունները ադրբեջանական իրականության տարբեր դրվագների հետ միայն կարող են վկայել, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները Եվրոպայի խորհրդում հստակ առաքելություն են փորձում իրականացնել եւ դրա համար ամեն սուտ միայն հնչեցնելով ջանում են հասնել որեւէ արդյունքի: Միակ բացասական կարծիք հայտնած շվեդ պատգամավոր Մարիետա դե Պուրբախ-Լյունդին հիշեցրեց վերջին նախագահական ընտրությունները, որոնցում տիկինը դիտորդ է եղել: Խորհրդարանականի սրտով էր ավելի շուտ զրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, քանի որ ԵԽ հեղինակության հարց է դառնում: Հայաստանյան պատվիրակությունից վեհաժողովում Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է հստակ գնահատել տեղի ունեցածը, իրավական առումով ճիշտ գնահատել ու կստանան արդյունք: Դավիթ Հարությունյանն, իր հերթին, ընդգծեց, որ մոտ մեկ տարվա ընթացքում Հայաստանը փորձում է հաղթահարել մարտյան իրադարձությունների հետեւանքները: Ուշադրություն հրավիրեց այդ հետեւանքների հաղթահարմանն ուղղված իշխանությունների քայլերին: Ըստ Հարությունյանի, օրենսդրական նախատեսվող փոփոխութունները կփոփոխեն նաեւ բանտարկյալներին ներկայացվող մեղադրանքները: Ավետ Ադոնցը հավելեց, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարումը համընկնում է Հայաստանի շահերին, ու անելիքներն էլ դեռ շատ են: Նաիրա Զոհրաբյանի ելույթը պատմական էքսկուրս էր` հուզական որոշ ելեւէջներով: 1609 եւ 1620 բանաձեւերի շարունակությունը` 1643 Հայաստանի վերաբերյալ Եվրոխորհրդի շրջանակներում ծնվեց եւս մեկ բանաձեւ` արդեն թիվ 1643-ը, որին կողմ քվեարկեցին 149 գրանցված պատգամավորներից 141-ը, դեմ` 3-ը, ձեռնպահ` 5-ը: 1643 բանաձեւով ձայնի իրավունքից զրկելու հարց չի բարձրացվում, այլ կարեւորվում է, որ երկու ամսվա ընթացքում կատարվեն համապատասխան փոփոխություններ ՀՀ քր. օր.-ի 225 եւ 300 հոդվածներում: Քվեարկությունից հետո Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը «Ազգի» հարցին, թե ընդունված բանաձեւը համապատասխանո՞ւմ է Հայաստանում առկա իրավիճակին, պարզաբանեց, որ համազեկուցողները բազմիցս եղել ենք Հայաստանում եւ դրա հիման վրա գտնում են, որ բանաձեւը համապատասխանում է իրականությանը: «Այսուհետեւ կհետեւենք փոփոխություններին ու քայլերին եւ Հայաստանի հարցին կվերադառնանք ապրիլին», ընդգծեց համազեկուցողը: «Ազգը» հետաքրքրվեց, թե ձայնի իրավունքից չզրկելու որոշումից հետո ինչպիսին է վերաբերմունքը հայկական ընդդիմության` համազեկուցողների կաշառված լինելու մեղադրանքների առնչությամբ, Պրեսկոտը պատասխանեց, որ ափսոսում է դրա համար, իրենք անում են իրենց առավելագույնը: Նա ընդգծեց, որ գումարներ չի վերցնում, այլ հաշվի է առնում ու զեկույցում ներկայացրել է միայն իր անկեղծ կարծիքը, ընդ որում, այդօրինակ մեղադրանքները իրեն մի քիչ հոռետես են դարձնում: Պրեսկոտը կարեւորեց, որ օրենսդրական սպասվող փոփոխությունների ու դրանց բերած նոր իրավիճակով ապրիլին կգնահատվի արվածն ու ըստ այդմ էլ կլինի արձագանքը: «Ազգի» հարցին, թե որքանով է հավանական ապրիլյան նստաշրջանում նորից Հայաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը վերադառնալը, Պրեսկոտը արձագանքեց, որ չի ցանկանում մտնել այդ մեքենայությունների մեջ: «Ամեն դեպքում, սպասվում է, որ հայաստանյան իշխանությունները դեռ շատ անելիք ունեն` օրենսդրական փոփոխություններից մինչեւ դրանց արդյունքում սպասվող քայլեր»: Արմեն Ռուստամյանն, իր հերթին, քննարկումից հետո հայ լրագրողների հարցերին ի պատասխան պարզաբանեց, որ մինչեւ ապրիլ շատ հստակ առաջադրանք ունենք կատարելու: «Ստեղծված աշխատանքային խումբը ստանձնել է շատ լուրջ պատասխանատվություն. մեկ ամսվա ընթացքում ներկայացնել փոփոխությունների առաջարկ եւ մեկ ամիս էլ տրվում է, որ այդ փոփոխությունները դառնան օրենք: Այսինքնՙ հաջորդ մոնիտորինգի նիստին, որ նախատեսված է Իսպանիայում մարտի 30-31-ին, պետք է լուրջ բան ունենանք ասելու»: Նշելով, որ ժամկետները շատ սեղմ են, Ռուստամյանը ընդգծեց, որ հունվարի 22-ին աշխատանքային խումբ ստեղծելու որոշմանը արդեն վերադարձին կհաջորդի աշխատանքային վիճակը, քանի որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից մի քանիսը կմասնակցեն այդ խմբի աշխատանքներին: «Համազեկուցողների առաջարկած փոփոխությունները բերեցին որոշակի բալանսի, այն վիճակը, որ կար դեկտեմբերի 17-ի որոշումից հետո (որով առաջարկվում էր զրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից-Ա.Հ.), մի քիչ ծայրահեղացում էր, իրավիճակի ոչ համարժեք ներկայացում: Հարգվեց քաղաքական կամքի առկայությունը, որ ամենակարեւոր հանգամանքն է Եվրոխորհրդում: Ընդունվեց այն մոտեցումը, որ Հայաստանը չի կարող շրջանցել իրավական համակարգով խնդիրները լուծելու ճանապարհը... Միակ ճանապարհն այն է, որ 225 եւ 300 հոդվածները փոխվեն, ինչը հետադարձ ուժ է ունենալու եւ դատախազն էլ կարող է վերանայել իր մեղադրանքները», ներկայացրեց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներ հասկացությանը, ապա, Ռուստամյանի խոսքերով, քաղբանտարկյալ հասկացությունը չունի հաստատում փաստաթղթում: «Կա կասկած, որ կարող են լինել քաղաքական շարժառիթներով ձերբակալվածներ, որը համապատասխանում է 1620 բանաձեւի ձեւակերպումներին»: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ կարեւորեց, որ նմանատիպ քննարկումներն առաջին հերթին անհրաժեշտ են Հայաստանին, ոչ թե Եվրոպային: «Չկան պարտվողներ եւ հաղթողներ: Ինձ դուր չի գալիս այն հարցադրումը, որ երբեմն հնչում է` արդյոք համարո՞ւմ եք, որ սա հաղթանակ է: Հաղթանակը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը, իսկ սա քննարկում է եւ գործընթաց»: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

No comments: