Tuesday, February 24, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Lragir. 23-2-2009- Թուրք սոցիոլոգները պարզել են, որ բնակչության երկու երրորդից ավելին երբեք գիրք չի կարդացել: Բացի այդ, երկրում պահպանվում է քսենոֆոբիայի եւ մեկուսացվածության տրամադրությունների բարձր մակարդակը: Լայն տարածումը պահպանել է նաեւ ժամանակակից հասարակության մեջ կնոջ դերի հանդեպ ավանդական պահպանողական մոտեցումը: Այդ մասին գրում է The Guardian-ը: Սոցիոլոգիական հարցումը, "Ով ենք մենք" անվանումով, իրականացրել է թուրքական հեղինակավոր Konda կազմակերպությունը: Հարցմանը մասնակցել է 6482 մարդ: Սոցիոլոգները փորձել են պարզել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում Թուրքիայի մասին պատկերացումը նրանց մոտ, ով համարում է, որ ճանաչում է իր երկիրը:Չնայած թուրքական համայնքը Եվրոպայում բավական մեծ է, այդուհանդերձ, այդ երկրի քաղաքացիների շրջանում տասը հարցվածներից իննը երբեք չի հանգստացել արտասահմանում: 73 տոկոսը դեմ է հանդես եկել Թուրքիայում արտասահմանցիների հողատարածք եւ սեփականություն ունենալուն: Մեծամասնությունը ասել է, որ հարեւան երկրները սպառնալիք են Թուրքիայի տարածքային ամբողջությանը: Կանանց իրավահավասարության գաղափարը չի պաշտպանել հարցվածների մեծամասնությունը: 70 տոկոսը ասել է, որ աշխատանքի անցնելու համար կինը պետք է ունենա ամուսնու թույլտվությունը, իսկ 57 տոկոսը համարում է, որ կինը հանրային վայրերում պետք է չլինի անթեւ հագուստով: Հարցվածների մոտ կեսը համարում է, որ հանրային մասնագիտության տեր կանայք պետք է ծառայության ընթացքում գլխաշոր կրեն, թեեւ դա արգելում է երկրի Սահմանադրությունը:Հարցված թուրքերի 88 տոկոսը համարում է, որ երկրում պետք է լինի ժողովրդավարություն, սակայն գրեթե կեսը` 48 տոկոսը, հավանություն կտար "անհրաժեշտության դեպքում" քաղաքական կյանքին զինված ուժերի միջամտությանը:

No comments: