Tuesday, March 10, 2009

Ջավախքի հայ ակտիվիստների ազատագրումն օգտագործվում է ինչ-որ մութ ուժերի կողմից` որպես Վրաստանի իշխանություններին ծաղրելու միջոց

/PanARMENIAN.Net/ 09.03.2009 - Մարտի 6-ի գիշերը կալանքից ազատ են արձակվել Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շարլ Ազնավուր» բարեգործական միության նախագահ Սերգեյ Հակոբջանյանը: Հայտնի էր նաեւ այն փաստը, որ վերջիններիս ձերբակալումից` հունվարի 22-ից հետո, վրացական իրավապահ մարմինները վերջիններիս նկատմամբ սահմանել էին նախնական երկամսյա կալանք: Ելնելով վերջին հանգամանքից` սպասվում էր, որ վրաց իրավապահ մարմինները իրենց նախաքննության արդյունքների եւ այս հիմքի վրա նախնական եզրահանգումների մասին պետք է հայտարարեին մարտի 25-ին: Ինչպես տեսնում ենք, Գ. Մինասյանն ու Ս. Հակոբջանյանը արդեն իրենց սեփական բնակարաններում են հիմա, երբ անգամ չի լրացել վերջիններիս նախնական կալանքի երկամսյա ժամանակահատվածը: Այդ մասին ասվում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի` PanARMENIAN.Net ուղարկված մեկնաբանության մեջ: «Վրացական իշխանությունների այսպիսի «հանկարծակի» եւ «արագավազ» քայլերը տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել որոշ ԶԼՄ-ների մոտ: Ելնելով այն հանգամանքից, որ ձերբակալված անձանց ներկայացված մեղադրանքները չափից ավելի ծանր էին (Գ.Մինասյանը եւ Ս. Հակոբջանյանը մեղադրվում էին Վրաստանի Քրեական Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով` անօրինական զինված խմբավորման ստեղծում կամ ղեկավարում եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով` լրտեսություն), ապա տարբեր շրջանակներ վերջիններիս այսպիսի անակնկալ ազատ արձակման փաստն օգտագործում են ինչպես քննադատելու եւ ծաղրելու վրացական իշխանություններին, այնպես էլ` այս ամենի մեջ ձգտում են տեսնել ինչ-որ խորհրդավոր, մութ «պայմանավորվածություններ»: Իրականում այսպիսի շրջանակների նպատակն է ոչ այնքան հեղինակազրկել վրացական իշխանություններին եւ վերջիններիս գործունեությունը դարձնել ծաղրի առարկա, այլ` խաղալ Գ. Մինասյանի եւ Ս. Հակոբջանյանի հեղինակություների հետ` փորձելով վերջիններիս հասարակության առաջ ներկայումս «մատուցել» որպես կասկածելի, վրացական իշխանությունների հետ «պայմանավորված», վերջիններիս կամքն ու ծրագրերն իրականացնող մարդկանց: Այսպիսի պրովակացիոն շրջանակների հիմնավորումը մեկն է. «Հապա ուրիշ ինչպե?ս կարող էին այսպես անակնկալ ազատության մեջ հայտնվել Գ. Մինասյանն ու Ս. Հակոբջանյանը»: Զավեշտական է, սակայն` փաստ, որ Գ. Մինասյանի եւ Ս. Հակոբջանյանի ազատ արձակումը մեկնաբանվում է այսպիսի «կեղտոտ» հողի վրա` նույնիսկ այն պարագայում, երբ հայտնի չեն վերջիններիս ազատ արձակման մասին անգամ ենթադրվող տեղեկություններ: Իսկ եղած ենթադրություններն էլ հիմնականում միակողմանի են եւ նպատակ ունեն հասարակությանը հենց սկզբից մատուցել շինծու կասկածանքներով լի մի «տոպրակ»: Ավելացնենք, որ իրենց ճակատագրի ներկա ու հետագա ընթացքի մասին մինչ այժմ մեկնաբանություններ չեն տվել այս ամենի մասին տեղեկությունների ամենահավաստի աղբյուրները` Գ. Մինասյանն ու Ս. Հակոբջանյանը: Հետեւաբար` վերջիններիս մասին տարածվող յուրաքանչյուր մեկնաբանություն, որը ձգտում է այս ամենի տակ տեսնել ինչ-ինչ «կասկածելի ծալքեր», նվազագույնը պրովակացիա է, միաժամանակ` ձերբակալված եւ այժմ ազատության մեջ գտնվող անձանց «դավաճանության ճանապարհով տանելու» քայլ, վրացական իշխանություններին գրգռելու եւ վերջիններիս կրկին Ջավախքի վրա «բաց թողնելու» նպատակ, կարճ ասված` Գ. Միասյանին եւ Ս. Հակոբջանյանին Ախալցխայի միջավայրում «շարքից հանելու» ծրագիր: Այս ամենից հետո հարց է առաջանում. Գ. Մինասյանի ու Ս. Հակոբջանյանի «գլուխներին սարքելու» գործում վրացական իշխանություններից ինչո?վ են տարբերվում վերոնշյալ «հայրենասեր» կամ «ջավախքասեր» կայքէջերը կամ ԶԼՄ-ները: Պատասխանը երեւի պարզ է. տարբերվում են իրենց «տերերով», իսկ «դերերով»` ոչ»,- գտնում է փորձագետը: Վահե Սարգսյանը նշում է, որ Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը ցանկացած ժամանակ եւ ամեն պարագայում Ախալցխայում ունեցել են եւ այժմ` ազատ արձակվելուց հետո, ունեն մեծ հեղինակություն, եւ Ախալցխայի հայությունը երբեք սխալ կերպ չի ընկալի իր մշակութապահպան գործիչներին:

No comments: