Thursday, March 12, 2009

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՆՈՐ ՎԵՊ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ» 12-3-2009- Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» թերթն անդրադարձել է ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեի նոր` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Երեւան» վեպին: «Ֆիգարոյի» հարցին, թե ինչու է Ժիլբեր Սինուեն, չլինելով հայ, որոշել գրել Հայոց ցեղասպանության մասին, գրողը պատասխանել է, որ իրեն միշտ հայ ժողովրդին մոտ է զգացել: «Ես սերում եմ Եգիպտոսի հույն կաթոլիկների ընտանիքից: Իմ լավագույն ընկերները Կահիրեի հայ համայնքի ներկայացուցիչներն են եղել», նշել է նա եւ ավելացրել, որ ցեղասպանությունից մազապուրծների վկայությունները լսել է իր ողջ պատանեկության ընթացքում: Ժիլբեր Սինուեին նշել է, որ գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար. «Ես նկատել եմ, որ այս ողբերգության մասին պատմող գործերը հիմնականում գիտական աշխատություններ են: Կարծում եմ, եթե ցանկանում ես հետաքրքրություն առաջացնել որեւէ լուրջ թեմայի վերաբերյալ, լավագույն տարբերակը վեպն է: Այն կարող է շոշափել մարդկանց հոգիները, սրտերը: Իմ նպատակն է ավելի մեծ թվով ընթերցողների հետաքրքրությունն առաջացնել Հայոց ցեղասպանության նկատմամբ», ասել է նա, հաղորդում է «Արմենպրեսը»: «Ազգը» հետագայում հանգամանորեն կանդրադառնա այս վեպին:

No comments: