«Ազատություն» 12-3-2009- «1915-16 թվականներին Օսմանյան կայսրության պաշտոնական վիճակագրությունից անհետացել է 972,000 հայ», - գրում է New York Times-ը` վերլուծելով թուրք լրագրող, հրապարակախոս Մուրադ Բարդակչուի` հունվարին հրապարակած գրքում տեղ գտած փաստերը:
«Թալեաթ Փաշայից մնացած փաստաթղթերը» գրքում Բարդակչուն հրապարակել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային պատկանող եւ տեւական ժամանակ գաղտնի պահված մի շարք փաստաթղթեր եւ գրավոր արձանագրություններ, որոնք 1983 թվականին` մահվանից առաջ, հեղինակին է հանձնել Թալեաթի այրին:
Փաստաթղթերի թվում են նաեւ այդ տարիներին Օսմանյան կայսրությունում ապրող բնակչության ցուցակները, որոնց համաձայն` 1915 թվականից առաջ Թուրքիայում ապրել է 1 միլիոն 256 հազար հայ: Երկու տարի անց այդ թիվը պակասել է շուրջ մեկ միլիոնով` եւ հասել 284 հազար 157-ի:
«Այս թիվը ռումբի պայթյունի նման մի բան է Թուրքիայի համար,
սակայն, հունվարին հրապարակված գիրքն ու դրանում տեղ գտած փաստաթղթերը, ըստ էության, այդպես էլ աննկատ մնացին», - գրել է New York Times-ը:
«Այդ լռությունը կարող է մեկ բան նշանակել` իմ հրապարակած թվերը խիստ մեծ են սովորական մարդկանց համար, եւ, գուցե, նրանք դեռեւս պատրաստ չեն քննարկել դրանք», - կարծիք է հայտնել գրքի հեղինակը:
«Տարիներ շարունակ Թուրքիան աչքից հեռու էր պահել իր անցյալի ամենատհաճ հատվածները եւ դպրոցական դասագրքերում ու պաշտոնական տեղեկագրերում մոռացության մատնել այդ իրադարձությունների մասին ցանկացած հիշատակում», - գրում է New York Times-ը:
Վերջին տասը տարիներին, սակայն, ըստ հոդվածագրի, Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը բարգավաճել է, եւ այժմ թուրքական հասարակության որոշ հատվածներ հրապարակավ հարցականի տակ են դնում այդ իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը:
«Թալեաթ փաշայից մնացած փաստաթղթերը» գրքով Մուրադ Բարդակչուն ակամայից նոր թափ հաղորդեց այդ խմորումներին», - գրում է New York Times-ը:
Թուրք գրողը հրաժարվել է մեկնաբանել իր իսկ հրապարակած թվերը: Նա գրքում որեւէ վերլուծություն, որեւէ խմբագրական տեքստ չի առաջարկում` ընդամենը ներկայացնելով փաստաթղթերի բնօրինակներն ու իր հարցազրույցը Թալեաթ Փաշայի այրու հետ:
«Ես չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել. թող ընթերցողն ինքը եզրակացություններ անի», - New York Times-ին ասել է Մուրադ Բարդակչուն եւ հավելել. - «Ես համոզված եմ, որ մենք Թուրքիայում փաստաթղթերի կարիք ունենք»:
«Տասը տարի առաջ ես այս գրքի համար դավաճան կհամարվեի, այժմ, սակայն, մտածողությունը փոխվել է», - ասել է Մուրադ Բարդակչուն, ով 27 տարի շարունակ լռության է մատնել ձեռքի տակ եղած փաստերը:
Հեղինե Բունիաթյան
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment