Wednesday, March 11, 2009

POLICY FORUM ARMENIA ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Lragir. 10-3-2009- ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) 2009թ.-ի մարտի 3-ի դե ֆակտո ազատ լողացող փոխարժեքի ռեժիմին վերադառնալու որոշումն առաջացրեց տնտեսական գործակալների բուռն արձագանք: Հայտարարությունից րոպեներ անց Երևանում փակվեցին մի շարք խանութներ և վերանայվեցին բազմաթիվ ապրանքների գներ: Բանկերը մեծացրեցին արտարժույթի առքի և վաճառքի միջև առկա գնային լուսանցքը: Այս առաջին արձագանքից հետո էսկալացիայի վտանգը ներկայումս վերահսկվում է: 2008թ.-ի դեկտեմբեր ամսվա զեկույցում Policy Forum Armenia-ն (PFA) զգուշացրել է արտաքին տնտեսական/ֆինանսական ճնշումների զգալի աճի մասին՝ առաջարկելով կառավարությանը որդեգրել ՀՀ դրամի աստիճանական արժեզրկման քաղաքականություն: Համաշխարհային ճգնաժամի, ինչպես նաև ՀՀ տնտեսության վրա ազդող գործոնների խորության և տևողության վերաբերյալ չափից դուրս ավելի լավատես գնահատականից անհրաժեշտ էր խուսափել՝ հաշվի առնելով հապաղելու պատճառով ստեղծվելիք հնարավոր վնասները և այն հնարավորինս շուտ վերանայել: Փոխարժեքի կամ գների (կամ երկուսի) նկատմամբ հսկողություն հաստատելու հետագա վարչական քայլերը շարունակական արտաքին տնտեսական ճնշումների առկայության պայմաններում արդյունավետ չեն կարող լինել: Այս կարգի միջոցառումներից հարկ է խուսափել՝ ելնելով այդ պահին ազատ լողացող փոփոխականի մեծ շեղումների վտանգից: Այս ամենը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինչպես ներքին տնտեսության, այնպես էլ Հայաստանի արդեն իսկ շատ խոցելի ընթացիկ հաշվի համար: Այս իրավիճակում քաղաքականության հուսալիության վերահաստատումը և հասարակության սպասելիքների պատշաճ կառավարումը պետք է դառնան առաջիկա ռազմավարության անկյունաքարերը: Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը բխում է յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու շահերից. մի փաստ, որն իշխանությունները պետք է օգտագործեն և ի պաստախան ցուցաբերեն հնարավորինս բարձր թափանցիկություն և հեռատեսություն: Սա կնպաստի վարվելիք քաղաքականության նկատմամբ վստահության և հավատի վերականգնմանը: Միայն փոխադարձ վստահության և ջանքերի միավորման դեպքում կառավարությանը և հասարակությանը կհաջողվի հաղթահարել ստեղծված իրավիճակը, խուսափել ներկա և ապագա ցնցումներից և ապահովել կայունությունը: Վստահության մթնոլոտի ձևավորման միջոցառումներն ընդգրկում են կառուցվածքային քաղաքականության որոշ նախաձեռնություններ, որոնք տեղ են գտել PFA-ի 2008թ.-ի դեկտեմբերյան զեկույցում: Ամենաառանցքային միջոցառումների շարքում են. (1) փորձառու տնտեսագետներից և ֆինանսական փորձագետներից կազմված ճգնաժամի կառավարման խմբի ստեղծումը անկախ վերջիններիս կուսակցական պատկանելության, (2) հիմնական ներմուծող ընկերությունների գնային մենաշնորհների նվազեցմանն ուղղված արժանահավատ քաղաքական միջոցառումների իրականացումը և (3) տնտեսական գործունեությունների ծավալմանը խանգարող քաջ հայտնի խոչընդոտների նվազեցմանն ուղղված շուտափույթ քայլեր: Առանց արժանահավատության իրականացվելիք ավանդական մակրոտնտեսական քաղաքականության գործիքները սահմանափակ ազդեցություն կունենան ստեղծված իրավիճակում, որոշ դեպքերում նույնիսկ դրական արդյունքներին զուգահեռ ունենալով սպասվածից ավելի մեծ բացասական հետևանքներ: Policy Forum Arminia (PFA) կազմակերպությունը այլընտրանքային դիրքորոշումներ ու մասնագիտական վերլուծություններ ներկայացնելու նպատակ ունի: Վերջին երկու տարիների ընթացքում PFA-ն ներկայացրել է մի քանի զեկույց, այդ թվում 2008 թ. Նախագահական ընտրությունների և տնտեսական ճգնաժամի ազդեցության մասին:

No comments: