Saturday, April 11, 2009

11 ԱՊՐԻԼԻ` ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով և դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Երրորդ օրը Հիսուս հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան բոլոր եկեղեցիներում, երեկոյան ժամերգության ավարտին, սուրբգրային ընթերցվածքներից հետո, մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է բացառապես Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի Ս. Պատարագի ընթացքում հավատացյալներին տրվում է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը` ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚: Այս ավետիսով էլ ավարտվում է Մեծ պահքը:Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մարդ արարած­ներիս փրկության համար:

No comments: