Monday, April 13, 2009

Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը երկկողմ հարաբերությունների բարելավման պայման չի համարում. Սերժ Սարգսյան

HayInfo.10-4-2009- Հայաստանը չի կարծում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պայման է, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան “ Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի: «Մենք ակնկալում ենք, որ թուրքերը ևս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցումը չեն դիտարկում որպես նախապայման»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սարգսյանը։ Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ Կոնգրեսում կամ այլ երկրների խորհրդարաններում խոչընդոտել հայ-թուրքական հարաբերւոթյունների բարելավմանը, երկրի ղեկավարն ասաց, որ ամերիկացիներն իրենք են եղել ցեղասպանության վկաները, և Վաշինգտոնին պետք չեն Երևանի ապացույցները Ցեղասպանության փաստում համոզվելու համար։ Սարգսյանը բերեց այն օրինակը, որ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության հարցով բազմաթիվ քննարկումների ժամանակ գործնականում բացակայում էին զեկուցումները, որոնցում ասվեր, թե Ցեղասպանություն չի եղել։ «Բազմաթիվ զեկուցողներ պնդում էին, որ Ցեղասպանություն եղել է, նրանց մեծամասնությունն ասում էր, որ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը, իսկ մյուս կեսն ասում էր, որ այժմ ճանաչելու ժամանակը չէ»,- ասաց նա։ Այսպիսով, ՀՀ նախագահի խոսքերով, «եթե ԱՄՆ-ը համարի, որ այսօր ցեղասպանության ճանաչումը կարող է լինել նոր ցեղասպանությունների կազմակերպմանը խոչընդոտող գործոն և կարող է օգնել ահաբեկչության ու այլ հանցագործությունների դեմ պայքարին, ապա այդ դեպքում Միացյալ Նահանգները դա կանեն, իսկ հակառակ դպքում՝ ոչ»։ «Ես չեմ կապում այդ գործընթացը մեր հարաբերությունների հետ, քանի որ Ցեղասպանության ճանաչման յուրաքանչյուր դեպքում մեր հարաբերությունները կարող են բարդանալ։ Մենք չենք դրդում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հավելեց Սարգսյանը։ Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 42-ը։

No comments: