
Tert.am. 11-4-2009- Թուրքիայի խորհրդարանի «Ադրբեջանի հետ բարեկամության» խումբը, ինչպես հաղորդել է տվյալ խմբի ղեկավար Մուստաֆա Կաբակչին, մտադիր է մեկնել Բաքու՝ ադրբեջանական մամուլին և հանրությանը Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին զարգացումների մասին ծանուցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
«Մենք պատրաստվում ենք այցելել Ադրբեջան, որպեսզի ներկայացնենք իրականությունը, քանի որ Ադրբեջանում տեղեկատվական խեղաթյուրումներ են նկատվում»,- Կաբակչիի խոսքերն է մեջբերում թուրքական «Անադոլուն»։
«Ադրբեջանի հետ բարեկամության» խմբի ղեկավարը նաև հավելել է, որ չնայած Ադրբեջանում լայնորեն շրջանառվող այլևայլ ասեկոսեներին, Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և համագործակցությունը զարգացնելու համար։ Ադրբեջանը միշտ էլ եղել է մեր եղբայրը»,- ասել է Կաբակչին։ Նա նաև վստահեցրել է, որ թե՛ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, թե՛ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս վստահեցրել են Բաքվին, որ Թուրքիայի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ անփոփոխ է։
«Մենք հավատացած ենք, որ մեր եղբայրությունն Ադրբեջանի հետ կուժեղանա»,- հավելել է Կաբակչին։
Նշենք, որ «բարեկամական» խմբի այցի օրը կհաստատվի հաջորդ շաբաթ։
Նշենք նաև, որ Թուրքիան խոչընդոտել է ադրբեջանցի լրագրողների խմբի այցը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս քաղաք, որտեղ լրագրողները ցանկանում էին բողոքի ցույց կազմակերպել՝ ընդդեմ պաշտոնական Անկարայի և Երևանի բանակցությունների՝ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ։ Ինչպես հաղորդում է թուրքական «Դողանը», Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնելովը հաստատել է խոչընդոտված ուղևորության փաստը։ Զեյնելովը, մասնավորապես, նշել է, որ »ադրբեջանցի լրագրողների ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալու թույլտվություն ստանալ։ Այնուամենայնիվ, այդ լրագրողները կժամանեն Կարս մեկ այլ ճանապարհով, իսկ օրը դեռևս հաստատված չէ»։
No comments:
Post a Comment