
Lragir 10-4-2009- Ապրիլի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությանը, Սերժ Սարգսյանը փաստացի առաջին անգամ խոսել է այն մասին, որ հնարավոր է Հայաստանը դուրս գա հայ-թուրքական բանակցության պրոցեսից: Այդ մասին Սերժ Սարգսյանը խոսել է այն համատեքստում, որ թուրքական մամուլն ու պաշտոնական Անկարան հաճախ հայտարարում են հայ-թուրքական հարաբերության հայտնի նախապայմանների` ցեղասպանության ճանաչման եւ Ղարաբաղի խնդրի մասին:
Սերժ Սարգսյանի խոսքով, չկա որեւէ նախապայման, “ցեղասպանության ճանաչումը չենք համարում նախապայման, ակնկալում ենք, որ թուրքերն էլ գործընթացի կասեցումը չեն դիտում նախապայման”: “Մենք չէ, որ Միացյալ Նահանգներին դրդում ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը”, ասում է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, եթե ճանաչումը համարեն կանխարգելման, հակաահաբեկչական գործունեության միջոց, ապա կանեն այդ բանը, իսկ եթե ոչ, ապա չեն ճանաչի: Սերժ Սարգսյանը հիմարություն է անվանել նաեւ խոսակցությունները, թե ամերիկահայ լոբբին ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլերի հարցում սպասում է պաշտոնական Երեւանի ցուցմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ամերիկահայ կազմակերպությունների անդամները լուրջ եւ հասուն մարդիկ են եւ նրանք իրենք շատ լավ պատկերացնում են խնդիրներն ու իրենց անելիքը, եւ ուղղակի այդ մարդկանց համար վիրավորական է նրանց ցուցում տալու մասին խոսելը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությանը, ապա Սերժ Սարգսյանն ասում է. “Մենք չենք տեսնում հնարավոր որեւէ նախապայմանի առկայություն մեր հարաբերությունները սկսելու գործում: Մենք ասել ենք եւ հիմա էլ կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք հաստատել հարաբերություններ առանց նախապայմանի: Հիմա, իմ կարծիքով, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում եւ եթե խոսում ենք ֆուտբոլային դիվանագիտության մասին, ապա պետք է ասենք, որ գնդակը հարատեւ չի կարող մի դաշտում գտնվել, եւ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ ունի սահմանված ժամկետներ: Հնարավոր է արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինեինք, եւ հիմա թուրքերն այլ դիրքորոշում ընդունեն եւ փորձեն այլ նախապայմաններ առաջադրել: Իհարկե հնարավոր է: Այդպիսի բան չի կարելի 100 տոկոսով բացառել: Բայց կարծում եմ, որ մենք նույնիսկ այդ պարագայում այս պրոցեսից դուրս կգանք ավելի ուժեղացած: Մենք այս պրոցեսով մեկ անգամ եւս ընդգծեցինք, եւ միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք իրոք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել”, ասում է Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե ինչն էր Հայաստանին խանգարում նախկինում, ասենք Ռոբերտ Քոչարյանի օրոք նախաձեռնել հայ-թուրքական հարաբերության ներկայի գործընթացը եւ ինչը օգնեց Սերժ Սարգսյանին անել դա, նախագահը պատասխանել է, թե ինքը կարող է խոսել միայն իր մասով: “Ես խորապես համոզված եմ, եւ իմ համոզմունքը չի ձեւավորվել իմ նախագահ ընտրվելուց հետո, բոլորդ տեղյակ եք, կարող եք վերցնել ազգային անվտանգության ռազմավարությունը, նախկինում իմ գնահատականները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք պարտավոր ենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատել: Եվ կարծում եմ, որ այնպիսի հմուտ դիվանագիտական համակարգը, ինչպիսինը թուրքականն է, ի վիճակի է գնահատել անկեղծության աստիճանը: Սա մի հանգամանք է, կարծում եմ, եւ երկրորդ հանգամանքը անշուշտ, նաեւ միջազգային տարբեր գործոնների հանրագումարն էր: Ահա այս գործոններն են, որոնք մեզ հնարավորություն են տվել այսօր լինելու այս վիճակում: Հեշտի-դժվարի խնդիր չէ”, ասում է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերության մեջ ներգրավված լինելու մասին հարցին, ինչը որ հայտարարում է Թուրքիայի իշխանությունը, Սերժ Սարգսյանն ասել է, թե կուզեր, որ հայ լրագրողները հավատան Հայաստանի իշխանությանը: “Բազմաթիվ անգամ հնչեցրել ենք, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում երբեք, երբեք չի քննարկվել ոչ Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ ոչ էլ ցեղասպանության հարցը: Վերջին անգամ այդպիսի հայտարարություն հնչեցրել ենք մենք նախորդ կիրակի երեկոյան: Նորից պետք է կրկնեմ, հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ գնան մեր ձեռք բերված պայմանավորվածություններից: Ես թուրքերի փոխարեն չեմ կարող ոչ պատասխանել, ոչ էլ պատասխանատու լինել: Ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության եւ իմ վարքագծի համար: Ես ձեզ ասում եմ, մենք այլ դիրքորոշում չենք ունեցել եւ չենք ունենալու: Մեր դիրքորոշումը միակն է` հաստատել հարաբերություններ առանց նախապայմանի”, ասում է Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ապա Սերժ Սարգսյանն այդ հարցում լավատես է: “Ես մտածում եմ, որ Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կամ կանցնեմ բաց սահմաններով, կամ էլ կլինենք դրա նախօրյակին: Սա կարելի է համարել լավատեսական մոտեցում, բայց հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա: Նորից եմ կրկնում, մենք սրանից չենք տուժելու, այս պրոցեսից մենք տուժած դուրս չենք գալու”, ասում է Սերժ Սարգսյանը:
No comments:
Post a Comment