Tert.am.10-4-2009- Նախագահ Սերժ Սարգսյանի համար ընդունելի չէ այն կարծիքը, թե մայիսին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլն են։ Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ՀՀ նախագահը՝ նկատելով, թե հաջորդ նախագահական ընտրությունների ժամկետը սահմանված է Սահմանադրության մեջ։
Նա նորմալ է համարել, որ Երևանի ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն կա, ապա նշել է, որ այդ ընտրություններին բոլոր մասնակիցներն էլ պետք է պատրաստվեն։
Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, թե ընտրություններն անցնելու են նորմալ մթնոլորտում և այլ փուլեր չեն լինելու։ Այնուհետև, երկրի ղեկավարը ընտրության մասնակիցներին կոչ է արել գնալ ընտրությունների՝ կոնկրետ խնդիրներ լուծելու ցանկություն ունենալով, և ոչ թե մասնակցել ընտրություններին՝ այլ նպատակների համար։
Ինչ վերաբերում է հարցին, թե իշխանությունը պատրաստ է Երևանի ընտրությունների դեպքում մայրաքաղաքում իշխանությունը ընդդիմությանը զիջելուն, Սերժ Սարգսյանն ասել է, որ նման ձևակերպումներն իր համար անհասկանալի են։
«Եթե որևէ ուժ հաղթի, նա չի լինի ընդդիմություն», - ասել է Սերժ Սարգսյանը։ Նա, որպես օրինակ, նշել է, որ եթե ընդդիմությունը 20 տոկոս ձայն հավաքի, Երևանի ավագանում կունենա այդքան թվով ընդդիմադիր անդամներ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին հարցին պատասխանելիս՝ հանրապետության նախագահն ասել է, թե իրեն թվում էր՝ այդ թեման վաղուց անցել է հիշողությունների գիրկը։ «Որևէ պարագա ինձ չի կարող ստիպել այդ կերպ վարվել»,- հայտարարել է նախագահն ու հավելել, որ իրենք շարժվելու են Սահմանադրությանը համահունչ, որտեղ էլ ամրագրված են հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամկետները։
Saturday, April 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment