Lragir 10-4-2009- Ինչ նկատի ունեիք տարածաշրջանում ոչ ստանդարտ լուծում ասելով, երբ այդ մասին հայտարարում էիք մյունխենյան համաժողովի ընթացքում: Այդ հարցը ապրիլի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ուղղել են Սերժ Սարգսյանին: ”Հենց դա էլ նկատի ունեի”, ասել է Սերժ Սարգսյանը, նշելով, թե պետք է դուրս գալ կաղապարներից եւ տարածաշրջանի խնդիրների լուծման նոր, ոչ ստանդարտ լուծումներ գտնել, եւ ոչ թե կառչել հին մոտեցումներից, հոխորտանքներ անել ստատուս-քվոյի պահպանության մասին: “Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ղեկավար պետք է պատրաստ լինի, եւ այս պարագայում ես մեր տարածաշրջանում տեսնում եմ ղեկավարների, ովքեր պատրաստ են այդ ստանդարտներից դուրս լուծումներ գտնել”, ասում է Սերժ Սարգսյանը:
Խոսելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման, մասնավորապես մայիսի 7-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի հետ հերթական հանդիպման հնարավորության մասին, Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ հանդիպման կապակցությամբ: “Երբ որ Մինսկի խմբի համանախագահները առաջրկեցին այդ հանդիպումը, մենք պատասխանեցինք, որ դեմ չենք հանդիպմանը: Հիմա սա ինչպես ուզում եք գնահատեք, պայմանավորվածություն, կամ չգիտեմ ստույգ հանդիպում լինելու է թե չէ, բայց իրականությունը սա է: Որեւէ նոր բան չկա, մենք շարունակելու ենք բանակցությունները նկատի ունենալով մեր դիրքորոշումները եւ ձեր ցանկությունները”, ասել է Սերժ Սարգսյանը:
Լրագրողները նրան հարցրել են, թե ինչ է տեսնում, երբ պրոցեսին նայում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աչքերով: Այդ հարցը տրվել է նկատի ունենալով հանգամանքը, որ համանախագահներն էին ասել, թե նախագահները փորձում են պրոցեսին նայել միմյանց աչքերով: Սերժ Սարգսյանն ասել է, թե պրոցեսին նայելով Իլհամ Ալիեւի աչքերով, տեսնում է լավ ապագա Հարավային Կովկասի համար: “Եվ մշտապես նայելով Իլհամ Ալիեւի աչքերով իրականությանը, ես պեսիմիստ չեմ: Ես օպտիմիստ եմ, ես տեսնում եմ, որ խնդիրը կարող է լուծվել”, ասում է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Ալիեւն էլ նորմալ մարդ է եւ չունի պատերազմի ցանկություն, քանի որ պատերազմի ծանր հետեւանքը բոլորի համար էլ պատկերացնելի է` ավերածություններ, զոհեր, կորուստներ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հնարավոր ռազմական ագրեսիայի խնդրին, այն համատեքստում, որ Ադրբեջանը տագնապ է բարձրացրել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում օպերատիվ ուժերի ստեղծման կապակցությամբ, մտավախություն հայտնելով, թե դրանք կարող են կիրառվել Ղարաբաղում: Սերժ Սարգսյանը հարցին, թե արդյոք այդ կիրառման խնդիրը քննարկվել է ՀԱՊԿ կազմում, պատասխանել է, թե դրա կարիքը թերեւս չկա: Սերժ Սարգսյանի խոսքով, եթե Ադրբեջանը ուժ կիրառի Ղարաբաղի դեմ, ապա դա չի կարող անել առանց Հայաստանի դեմ ուժ կիրառելու, իսկ եթե ուժ կիրառի Հայաստանի դեմ, ապա ինքնաբերաբար գործում է ՀԱՊԿ սկզբունքը, երբ մեկի դեմ կիրառված ուժը հավասարազոր է մնացածների դեմ կիրառելուն եւ ՀԱՊԿ անդամները պարտավոր են փոխօգնություն ցուցաբերել իրար:
Սակայն, Սերժ Սարգսյանը զարմանում է նաեւ, որ Ադրբեջանը մտահոգվել է, նշելով, թե ինչ կա մտահոգվելու, եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր հիմնարար փաստաթղթերում բոլոր կողմերը պարտավորվել են ուժի չկիրառման մասին: Ինչ վերաբերվում է քարոզչական պատերազմին, ապա Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանի հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ Ադրբեջանը շատ փող ունի: Ի դեպ, նա նկատել է, որ գուցե հենց այդ անհավասար հնարավորություններն են նաեւ պատճառը, որ Հայաստանը փորձում է լավ հարաբերություն հաստատել իր հարեւանների հետ, միջոցները խաղաղ նպատակով վատնելու համար:
Սերժ Սարգսյանը նաեւ խոսել է այն պատճառահետեւանքային կապի մասին, որ առկա է Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերության հարցում: “Կրկնում եմ, որ թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը նպատակ չի հետապնդում, ավելի ճիշտ տնտեսական նպատակներ չեն հետապնդում: Մեր նպատակը ոչ թե ապաշրջափակելն է, մեր նպատակը հարաբերություններ հաստատելն է: Որովհետեւ շրջափակումը վերջիվերջո պատճառ չէ, Հայաստանի շրջափակումը դա հետեւանք է: Եվ մենք պիտի պատճառները վերացնենք եւ ոչ թե հետեւանքները: Իհարկե, հետեւանքներն էլ պետք է փորձենք վերացնել, բայց բուն մեր նպատակը պատճառը պետք է լինի: Եթե չլիներ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կարծում եմ, որ շրջափակումն էլ չէր լինի: Ուստի մենք խնդիրը պետք է լուծենք, եւ ոչ թե փորձենք վերացնել շրջափակումը կամ ապաշրջափակել: Այս առումով իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Եվ ոչ մի դեպքում բացասական ազդեցություն չի կարող ունենալ: Մենք կողմնակիցը չենք այս վիճակը հավերժ պահպանելու, որովհետեւ դա անհնար է”, ասում է Սերժ Սարգսյանը:
Saturday, April 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment