Saturday, April 11, 2009

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Lragir 10-4-2009- Ժնեվի կենտրոնական փողոցներից մեկի ոչնչով աչքի չընկնող մի եռահարկ տան դիմաց կանգնեց սեւ Մերսեդեսը: Մերսեդեսի հետեւի դռնից իջավ մի բավական անշուք հագնված, ճերմակին տվող մազերով եւ կարմրին տվող այտերով պարոն: Պարոնը մոտեցավ Մերսեդեսին, բացեց վարորդի դուռը, որտեղից իջավ թակարժեք կոստյում հագած վարորդը: Երկուսը միասին մտան եռահարկ շենք: Շենքի առաջին հարկի փոքրիկ սենյակում վարորդն ու պարոնը փոխվեցին հագուստներով, վարորդը դուրս եկավ շենքից եւ նորից նստեց մեքենան, իսկ նրա թանկարժեք կոստյումը հագած ճերմակին տվող մազերով պարոնը բարձրացավ եռահարկի ձեղնահարկ, ուր երկու բազկաթոռներից մեկին նստած էր բեղերով մեկ այլ մի պարոն, ով լուռ ծխում էր եւ թերթում իր դիմաց դրված ֆուտբոլային ամսագիրը: Տեսնելով ներս մտած պարոնին, բեղավորը հարցրեց` «հուսով եմ մեր բանակցության գաղտնիությունն ապահովվեց նույն բարձր մակարդակով, ինչ նախկին բոլոր 826 հանդիպումներում»: «Կարող եք չկասկածել, պարոն, ես եւ վարորդս շատ նրբանկատ ու զգույշ ենք այդ հարցերում եւ երբեք չենք շփոթում մեր անելիքը», պատասխանեց նոր ներս մտած ճերմակահերը: «Դե ինչ, ուրեմն սկսենք, պարոն», ասաց բեղավորն ու նույն ֆուտբոլային ամսագրից եւս մեկը դրեց դիմացի բազկաթոռի առաջ, ուր արդեն տեղավորվել էր ճերմակահեր պարոնը: «Ուր էինք հասել անցյալ անգամ», հարցրեց ճերմակահերը: «Կարծեմ 325-րդ էջին», հիշեց բեղավորը: Բացեցին 325-րդ էջը, ճշտեցին ժամանակը եւ սկսեցին թերթել ամսագրերը: “Ես չէի պատկերացնում, որ ֆուտբոլային դիվանագիտությունը կարող է այդպիսի բավականություն պատճառել”, ասաց բեղավոր պարոնը: Ճերմակահերը ժպտաց, եւ քանի որ հիշել էր, որ նախորդ հանդիպումից հետո խոսելու հերթն իրենն էր, մի թեթեւ հազալով սկսեց բանակցությունը. “Ես առաջարկում եմ, որ դուք սկսեք մեզ հետ հարաբերությունը”: “Ես համաձայն չեմ: Քանի դեռ մեր միջեւ հարաբերություններ չկան, ես դեմ եմ հարաբերությունները սկսելուն”, պատասխանեց բեղավոր պարոնը: “Ես առաջարկում եմ նախ հարաբերություններ սկսել, հետո նոր խոսել մեր միջեւ հարաբերություններ սկսելու մասին”, շարունակեց բեղավորը: “Մենք դեմ չենք, բայց բանն այն է, որ առանց հարաբերություններ սկսելու մենք չենք կարող հարաբերություններ սկսել”, պատասխանեց ճերմակահերը: Բեղավորը հոգոց հանեց: Նա չէր սպասում, որ 827-րդ հանդիպմանը կբախվի այդպիսի կարծր դիրքորոշման: Բայց բեղավորը գիտեր իր անելիքը նաեւ այդ իրավիճակի համար. “Լավ, քանի որ դուք չեք կարող առանց հարաբերություններ սկսելու հարաբերություններ սկսել մեզ հետ, ապա մենք ձեզ առաջարկում ենք սկսել հարաբերություններն առանց որեւէ հարաբերություն սկսելու”: Այդ գաղափարը ակնհայտորեն դուր եկավ ճերմակահերին: Նա զգաց, որ հասել է իր նպատակին, որին ձգտում էր 827 երկար ու ձիգ եւ հույժ գաղտնի առանձնազրույցների ընթացքում: Ֆուտբոլային ամսագիրը արդեն վերջանում էր: կողմերը հասել էին վերջին էջին: “Տես է, Բարսելոնան հաղթել է Բավարիային 4:0 հաշվով”, քիչ ոգեւորված նկատեց բեղավորը, ֆուտբոլային ամսագրի վերջին էջում կարդալով խաղի հաշիվը: “Բայց դուք ուշադիր չեք, պարոն: Չէ որ դա պատմություն է մի քանի տարի առաջ ապրիլի 8-ին տեղի ունեցած հանդիպման մասին”, նկատեց ճերմակահերը, ակնհայտորեն ինչ որ այլ բան էլ հիշելով այդ, թե դրա հաջորդ օրվա հետ կապված: “Հա, իսկապես, ինչ անուշադիրն եմ, ինչպես կարելի է պատմությունը մոռանալ”, մի տեսակ խորամանկ ժպտաց բեղավոր պարոնը: Բայց ճերմակահերը իսկապես չնկատեց, որովհետեւ նա լրջորեն մտածում էր, թե ինչպես կարելի է պատմությունը մոռանալ: “Ինչպես կարելի է մոռանալ, ինչպես մոռանալ, ինչպես պատմությունը, ինչպես կարելի է”, մտքում կրկնում էր ճերմակահերը, երբ կազմի հետեւի կողմում տեսնելով սեւամորթ մի ֆուտոլիստի լուսանկար՝ հասկացավ, որ ֆուտբոլային ամսագիրը թերթել է մինչեւ վերջ:

No comments: