Thursday, April 16, 2009

Ադրբեջանի ցավագին արձագանքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը կանխատեսելի էր. ռուս քաղաքագետ

HayInfo 15-4-2009- Ադրբեջանի նման ցավագին արձագանքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը լիովին կանխատեսելի էր, կարծում է ռուս քաղաքագետ, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն, «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան “ «Ադրբեջանը խիստ ցավագին է արձագանքում այն ամենին, ինչը վերաբերում է Հայաստանին։ Այդ պատճառով բնական է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բավականին ցավագին է ընդունվում Բաքվում, որը կարծում է, որ դրան պետք է նախորդի Ղարաբաղյան հարցի լուծումը»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։ Փորձագետի խոսքերով՝ եթե Ադրբեջանը նման պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների սրման գնա, դա կբարդացնի «Նաբուկո» նախագծի իրականացումը։ «Նաբուկոն» 3,3 հազար կմ երկարությամբ նախագծվող մայր գազատար է, որը շրջանցելով Ռուսաստանը՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով գնալու է ԵՄ երկրներ։ Դրա ենթադրյալ հզորությունը տարեկան 31 մլրդ խորանարդ մետր գազ է կազմելու, իսկ նախագծի արժեքը 7,9 մլրդ եվրո է գնահատվում։ Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարդացման հնարավորությանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատվելու դեպքում, Նիկոնովը նշեց, որ իրավիճակի նման զարգացում դժվար է կանխատեսել։ Նրա կարծիքով՝ հնարավոր են իրավիճակի զարգացման տարբեր սցենարաներ, որոնք կախված են հարաբերությունների հաստատելու առնչությամբ Բաքվի արձագանքից։ «Հակառակ ռեակցիան ևս չի բացառվում, և Բաքուն կփորձի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ»,- հայտարարեց նա։ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում: Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև մինչ հաջորդ՝ հոկտեմբերին տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը երկու երկրների միջև սահմանը հնարավոր է բաց լինի կամ էլ մոտ լինի դրան։

No comments: